Բաժիններ՝

ՏՏ ոլորտի ստարտափների թիմերից մեկը կստանա 120 հազար ԱՄՆ դոլարին համարժեք կտրոն. մրցույթը՝ հունիսի 25-ին

Հունիսի 25-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ստրատափների համար կլինի մրցութային օր: Միաժամանակ տեղի կունենան ոլորտի 2 միջոցառումներ՝ Seedstars Երևան 2016-ը և IBM ISTC Startup Challeng-ի ամփոփումը:

Seedstarts-ը միջազգային ֆորմատ է, որն անցկացվում է արդեն երրորդ անգամ: Հունիսի 25-ին իրենց ստարտափները կներկայացնեն թվով 12 ընկերություններ: Այս ստարտափներն ընտրվել են ստացված 50 հայտադիտումներից:

Մրցույթի հաղթողը հնարավորություն կունենա մեկնել Շվեյցարիա և ներկայացնել ստարտափը ներդրողներին:

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի» գլխավոր տնօրեն Արտաշես Վարդանյանի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանում ակտիվացել է ստարտափ շարժումը: Այժմ հայկական ընկերությունները կենտրոնանում են սեփական արտադրանքի վրա և փորձում են լուծել գլոբալ խնդիրներ:

Seedstarts մրցույթում նախորդ երեք տարիներին ներկայացվել են արդեն 150 ստարտափներ: Այս տարի մրցույթին մասնակցում են 65 երկրներ:

Seedstarts Word ընկերության տարածաշրջանային ղեկավար Իգոր Օվչարենկոն կարևորեց այն փաստը, որ մրցույթն անցկացվում է զարգացող երկրներում: Իգոր Օվչարենկոն նշեց, որ ընկերությունն ուրախ է Հայաստանում ուժեղ գործընկեր ունենալու համար:

Նույն օրն անցկացվող IBM ISTC Startup Challeng մրցույթի վերջին փուլին կմասնակցեն 6 ընկերություններ: 40 հայտադիմումներից ընտրվել են 10-ը, որոնցից միայն 6-ն են անցել եզրափակիչ փուլ: Մրցույթի հաղթողներից երկուսը կստանան 1000-ական դոլար պարգևատրումներ:

«IBM ինովացիոն լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնի» բիզնես զարգացման ղեկավար Արեգ Գևորգյանի խոսքով՝ կա նաև հատուկ մրցանակ. «Թիմերից մեկը կստանա 120 հազար ԱՄՆ դոլարին համարժեք կտրոն, որի միջոցով կարող է օգտվել IBM-ի առաջարկած ծառայություններից: Մրցույթի լավագույն ստարտափներին կտրամադրվի հնարավորություն՝ շարունակելու իրենց գործունեությունը ISTC կենտրոնում»:

Մրցութային օրը կազմակերպվում է «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի», «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» և IBM Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի կողմից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս