Բաժիններ՝

Հռոմի պապի մասնակցությամբ պատարագներն Էջմիածնում և Գյումրիում ցուցադրվելու են նաև հատուկ էկրաններով

Հայ կաթողիկե եկեղեցու դիվանատան քարտուղար Հայր Նարեկ Մնոյանը ներկայացրեց Գյումրիի Սուրբ Վարդանանց հրապարակում նախատեսվող միջոցառումները: Նախագահական նստավայրում հրավիրված ասուլիսի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Հայր Նարեկ Մնոյանը նշեց, որ հունիսի 25-ին, ժամը 10:00-ին Ֆրանցիսկոս Սրբազան քահանայապետը սուրբ պատարագ է մատուցելու հրապարակում: Պատարագին աղոթակցելու է Ամենայն Հայոց կաթողիկոսը, համապատարա գելու են Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք տեր Գրիգոր Եպիսկոպոս Կապրոյանը, ինչպես նաեւ Հայաստանում հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը: «Հաշվի առնելով Գյումրիի հրապարակի տարածքային հնարավորությունները, նախապես կազմակերպիչների կողմից որոշվել է, որ մուտքը լինելու է հրավիրատոմսերով, որոնց շուրջ նախապես աշխատանքներ են կատարվել ու բաժանվել են բոլոր ցանկացողներին: Բոլոր այն հավատացյալների համար, ովքեր կցանկանան ներկա գտնվել Գյումրիի պատարագին, կից փողոցներում տեղադրված են լինելու էկրաններ: Սուրբ պատարագը մատուցվելու է լատինական ծեսով, սակայն ընթերցումներ են լինելու հայերեն, իսկ երգչախումբը որոշ երգեր, շարականներ երգելու է հայկական ծիսական պատարագներից»,- ասաց նա:

Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը ներկայացրեց Մայր Աթոռում նախատեսվող միջոցառումները: Նրա խոսքով՝ Մայր Աթոռում հունիսի 26-ի առավոտյան ժամը 10:00-ին մատուցվելու է Սուրբ պատարագ Վեհափառ Հայրապետի ձեռամբ եւ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի աղոթակցությամբ: «Ցանկալի է, որ նշված ժամից մեկ ժամ առաջ մարդիկ ժամանեն, որովհետեւ սա հանրության համար բաց իրադարձություն է: Պատարագը մատուցվելու է Մայր աթոռի բաց խորանի մոտ: Բնականաբար, կլինեն նաեւ համապատասխան էկրաններ, որոնց միջոցով հավատացյալ հանրությունը հնարավորություն կունենա հետեւելու պատարագի ընթացքին»,- ասաց հոգեւորականը:

Պատարագի արարողությունից հետո, ինչպես ընդունված կարգն է ,Հայաստանյաց եկեղեցում, տեղի է ունենալու համատեղ էկումենիկ ճաշ, որը լինելու է փակ: Միջեկեղեցական ճաշից հետո նախատեսվում է համատեղ հայտարարության ստորագրում, որի արդյունքում Էջմիածնում կփակվեն բուն արարողությունները: Դրանից հետո Սրբազան քահանայապետը կուղեւորվի դեպի Խոր Վիրապ՝ այցի վերջին կետը: «Կրկին հիշեցնում եմ, որ Սուրբ պատարագը բաց է լինելու բոլոր ցանկացողների համար, եւ հավատացյալներն առիթ կունենան իրենց երախտագիտությունը հայտնելու եւ սրբազան պատարագին մասնակցելու»,- նշեց Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս