
Նորամուծություն Ճանապարհային ոստիկանությունում

Ոստիկանության հերթական հակակոռուպցիոն ծրագրերի շրջանակում են նաև այս տեսախցիկները, որոնք պարտադիր պետք է կրեն Հայաստանի Հանրապետության բոլոր ճանապարհային ոստիկանները:
Տեսախցիկներն արտադրվում են ՀՀ ոստիկանության հատուկ պատվերով` ճանապարհային ոստիկանության կարիքների համար: ՃՈ պահանջով այս սարքի համար ստեղծվել է առանձին հայաֆիկացված ծրագիր, ինչը կբացառի ճանապարհային ոստիկանի կողմից որևէ միջամտություն:
Ձայնագրող, տեսաձայնագրող, լուսանկարող այս խցիկները մշտապես միացված վիճակում լինելու են ամրացված համազգեստին: Ճանապարհային ոստիկանը չի կարողանա իր ցանկությամբ անջատել սարքը, քանի որ չֆիքսված յուրաքանչյուր րոպեի համար նա պարտավոր կլինի հիմնավոր բացատրություն ներկայացնել ղեկավարությանը:
Տեսախցիկը նկարահանում է մոտ 180 աստիճան անկյան տակ: Հիշողությունը 3 օրը մեկ ավտոմատ թարմացվում է, անհնար է ջնջել որևէ տեսանյութ: Գերժամանակակից նկարահանող սարքերը նկարահանում կիրականացնեն գիշեր թե ցերեկ, մինուս 50-ից պլուս 50 ջերմաստիճանի պայմաններում: Կոտրվել, փչանալ, ջարդվել բառերը այս տեսախցիկների համար չեն:
Ջերմադիմացկուն, հարվածակայուն խցիկների նկարահանած նյութերը հնարավոր կլինի հետևել միայն մեկ համակարգչով և մեկ ծրագրով:
Այս ամենը իհարկե թույլ կտա առավել մանրամասն հետևել ճանապարհային ոստիկանների գործողություններին և որակապես կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, տարատեսակ միջնորդություններն ու հեռախոսազանգերը, օգտակար կլինի վիճելի հարցերը լուծել իրական փաստերով:
Շուտով նման տեսախցիկներ կունենան բոլոր ճանապարհային ոստիկանները և, ինչպես ասում են, լավ է մի անգամ տեսնել քան 1000 անգամ լսել ու կարդալ: