Քաղաքացիական մասնակցությունը ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը

Սույն համառոտ զեկույցի համար հիմք են ծառայել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» («ՀաՄաՏեղ») ծրագրի շրջանակներում անցկացված ներկայացուցչական հարցման արդյունքները[1]: Հարցումն իրականացրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը 2015թ. հուլիսին՝ Հայաստանի ողջ տարածքում պատահականորեն ընտրված 1443 տնային տնտեսություններում[2]:

Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման իրականացման ձևերն ամրագրված են ներկայումս գործող ՀՀ Սահմանադրության 9-րդ գլխում («Տեղական ինքնակառավարումը»): ՀՀ տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորում են նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ 2002թ. օրենքը և Հայաստանի կողմից նույն թվականին վավերացված «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան»: Վերջին երկու փաստաթղթերը շեշտադրում են տեղական ժողովրդավարության զարգացման, մասնավորապես՝ մասնակցային տեղական ինքնակառավարման անհրաժեշտությունը:

Արդյո՞ք ՀՀ տեղական ինքնակառավարումը կարելի է համարել մասնակցային: Սույն զեկույցը փորձում է բացահայտել՝ որքանով են ՀՀ քաղաքացիները մասնակցում իրենց ՏԻՄ-երի գործունեությանը: Մասնավորապես, բա՞րձր է արդյոք հայաստանցիների դիմելիությունը ՏԻՄ-երին, արդյո՞ք հայաստանցիները մասնակցում են ՏԻՄ-երի աշխատանքներին և ՏԻՄ-երի ընտրություններին, արդյո՞ք քաղաքացիական ակտիվության ընդհանուր մակարդակը բարձր է Հայաստանում: Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել ստորև ներկայացվող շարադրանքում:

Դիմու՞մ են արդյոք հայաստանցիներն իրենց ՏԻՄ-երին՝ որևէ խնդիր լուծելու նպատակով

Հարցմանը նախորդող վեց ամիսների ընթացքում հայաստանցիների միայն փոքր հատվածն է դիմել իր ՏԻՄ-երին որևէ խնդիր լուծելու նպատակով: Ընդ որում, այդ փոքր հատվածը, որպես կանոն, դիմել է անմիջապես համայնքի ղեկավարին՝ գերազանցապես անձնական խնդիրներով: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում համայնքի ղեկավարին դիմել է հարցվածների 16.5 տոկոսը: Ավագանու որևէ անդամի դիմել է 5.1 տոկոսը, տեղական իշխանության որևէ այլ պաշտոնյայի՝ 4.5 տոկոսը: Համեմատության համար, նույն ժամանակահատվածում թվով շատ ավելի քիչ հարցվածներ են դիմել Ազգային ժողովի իրենց պատգամավորին (1 տոկոս) (Գծապատկեր 1):

Գծապատկեր 1. Վերջին 6 ամիսների ընթացքում դիմե՞լ եք հետևյալ անձանց անձնական կամ համայնքային խնդրի վերաբերյալ

Diag-1-arm

Հարցվածների շատ փոքր հատվածն է երբևիցե բողոքել իր համայնքի որևէ պաշտոնյայի անպատշաճ պահվածքի վերաբերյալ: Այսպես, համայնքի հանրային կապերի հանձնաժողով նման հարցով դիմել է հարցվածների 1.7 տոկոսը, բողոքների հանձնաժողով՝ 2.5 տոկոսը, էթիկայի հանձնաժողով՝ 0.9 տոկոսը: Հարկ է ավելացնել, որ հարցվածների շուրջ երկու երրորդը դժվարացել է պատասխանել՝ արդյոք իր ՏԻՄ-ում գոյություն ունեն հանրային կապերի, բողոքների և էթիկայի հանձնաժողովներ:

Մասնակցու՞մ են հայաստանցիներն իրենց ՏԻՄ-երի աշխատանքներին

Հարցմանը նախորդող վեց ամիսների ընթացքում հարցվածների չնչին հատվածն է որպես շահառու մասնակցել ՏԻՄ-երի աշխատանքներին: Նշված ժամանակահատվածում իր համայնքի ավագանու նիստերին ներկա է գտնվել հարցվածների միայն 2.4 տոկոսը, համայնքի քաղաքականությունների և ծրագրերի վերաբերյալ լսումներին՝ 2.3 տոկոսը և համայնքի բյուջեի վերաբերյալ քննարկումներին՝ 1.7 տոկոսը (Գծապատկեր 2):

Գծապատկեր 2. Վերջին 6 ամիսների ընթացքում մասնակցե՞լ եք հետևյալ միջոցառումներին

Diag-2-arm

Հարցվածների պասիվ մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը կարող է պայմանավորված լինել այդ մասնակցության հնարավորության և արդյունավետության հանդեպ նրանց թերահավատությամբ: Այն հարցին, թե արդյոք իրենց համայնքներում առկա են տեղական ինքնակառավարմանը մասնակցելու բավարար հնարավորություններ, հարցվածների միայն 32.8 տոկոսն է դրական պատասխան տվել: Հարցվածների 35.9 տոկոսն ասել է, որ իր համայնքի անդամների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը «որոշ չափով» կամ «շատ» արդյունավետ է: Հարցվածների 32.6 տոկոսի կարծիքով՝ այդ մասնակցությունը կամ «ընդհանրապես» արդյունավետ չէ, կամ «քիչ» արդյունավետ է:

Ի՞նչ վերաբերմունք ունեն հայաստանցիները «ներառական» տեղական ինքնակառավարման հանդեպ

Հարցված հայաստանցիների ճնշող մեծամասնությունը համոզված է, որ աջակցության կարիք ունեցող սոցիալական մի շարք խմբեր պետք է լիարժեքորեն մասնակցեն տեղական ինքնակառավարմանը: Այսպես, աղքատ և սոցիալապես խոցելի մարդիկ տեղական ինքնակառավարմանը պետք է լիարժեքորեն մասնակցեն հարցվածների 84.5 տոկոսի կարծիքով, հաշմանդամություն ունեցող մարդիկ՝ 83.5 և փախստականները՝ 79.9 տոկոսի կարծիքով: Սակայն, հարցվածների մոտավորապես մեկ երրորդի կարծիքով է, որ նշված խմբերը լիարժեքորեն են մասնակցում տեղական ինքնակառավարմանը:

Հարցված հայաստանցիների ճնշող մեծամասնության կարծիքով՝ կանայք և երիտասարդները ևս պետք է լիարժեքորեն մասնակցեն տեղական ինքնակառավարմանը: Կանանց համար այդպես է արտահայտվել հարցվածների 88.3 տոկոսը, երիտասարդների համար՝ 93.1 տոկոսը: Միաժամանակ, հարցվածների մոտավորապես կեսի կարծիքով է, որ երիտասարդները և կանայք լիարժեքորեն են մասնակցում տեղական ինքնակառավարմանը:

ՏԻՄ ընտրություններին մասնակցելու պարադոքսը

Հարցված հայաստանցիների երկու երրորդը մասնակցել է վերջին ՏԻՄ-երի ընտրություններին: Մասնավորապես, համայնքի ղեկավարի վերջին ընտրություններին քվեարկել է հարցվածների 75.1 տոկոսը, ավագանու անդամների վերջին ընտրություններին՝ 71.8 տոկոսը (Գծապատկեր 3): Համայնքի ղեկավարի ընտրություններում չքվեարկած բնակիչներն իրենց այդ քայլը բացատրել են ամենահաճախ հանդիպող հետևյալ երեք պատասխանով՝ «որոշեցի չքվեարկել» (33.6 տոկոս), «գրանցված չէի» (17.8 տոկոս) և «տեղյակ չէի» (9.4 տոկոս): Ավագանու ընտրություններին չքվեարկածները ևս ամենից հաճախ վկայակոչել են նույն երեք պատճառը՝ «որոշեցի չքվեարկել» (35.1 տոկոս), «գրանցված չէի» (15 տոկոս) և «տեղյակ չէի» (12 տոկոս):

Գծապատկեր 3. Վերջին ընտրություններին քվեարկե՞լ եք՝ ընտրելու…

Diag-3-arm

Ինչ վերաբերում է ընտրությունների հանդեպ մարդկանց վերաբերմունքին, հարցված հայաստանցիների զգալի հատվածը չի հավատացել կամ չի վստահել ՏԻՄ վերջին ընտրությունների արդարությանը և թափանցիկությանը: Այն հարցին, թե՝ «Ընդհանուր առմամբ արդար և թափանցի՞կ էին համայնքի ղեկավարի վերջին ընտրությունները», հարցվածների գրեթե կեսն է՝ 47.3 տոկոսը, պատասխանել «այո» կամ «ավելի շուտ այո»: Ավագանու ընտրությունների հետ կապված նույն հարցին «այո» կամ «ավելի շուտ այո» պատասխանը տվել է հարցվածների 45.2 տոկոսը:

Այդուհանդերձ, չնայած վստահության պակասին՝ հարցվածների 75 տոկոսը կարծիք է հայտնել, որ, եթե համայնքի ղեկավարի ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի, նրանք հաստատապես կամ ամենայն հավանականությամբ կմասնակցեին դրանց: Ավագանու ընտրությունների դեպքում գրեթե նույնքան (74.5 տոկոս) հարցված հայաստանցի ասել է, թե հաստատապես կամ ամենայն հավանականությամբ կմասնակցեր դրանց:

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԿԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Անդամակցո՞ւմ են հայաստանցիները կազմակերպություններին

Հարցված հայաստանցիների չնչին տոկոսն է անդամակցում որևէ ֆորմալ կամ ոչ ֆորմալ կազմակերպության: Հարցման պահին որևէ հասարակական կամ համայնքային կազմակերպության/ասոցիացիայի ակտիվ կամ պասիվ անդամ է հանդիսացել հարցվածների ընդամենը 1.5 տոկոսը, քաղաքացիական ակտիվիստների որևէ խմբի անդամ՝ 0.6 տոկոսը: Քաղաքական կուսակցություններին անդամակցության աստիճանը փոքր-ինչ ավելի բարձր է. կուսակցությունների ակտիվ անդամ են հանդիսացել հարցվածների 2.1 տոկոսը, պասիվ անդամ՝ 6.7 տոկոսը (Գծապատկեր 4):

Գծապատկեր 4. Ի՞նչ կարգավիճակով եք անդամակցում

Diag-4-arm

Մասնակցո՞ւմ են հայաստանցիները քաղաքացիական միջոցառումներին

Հարցմանը նախորդող վեց ամիսների ընթացքում պասիվ է եղել հարցված հայաստանցիների մասնակցությունը նաև քաղաքացիական միջոցառումներին: Օրինակ, հարցվածների միայն 1.8 տոկոսն է մասնակցել որևէ հասարակական կազմակերպության նախաձեռնած քննարկման կամ հանդիպման: Նշված ժամանակահատվածում հարցվածների 2.1 տոկոսն է մասնակցել բողոքի ցույցի կամ երթի (տե՛ս Գծապատկեր 2): Հետաքրքիր է, որ բողոքի ցույցի կամ երթի մասնակիցների (N=30) կեսից ավելիի կարծիքով՝ այդ միջոցառումները «որոշ չափով» կամ «շատ» արդյունավետ են եղել:

Ի՞նչ վերաբերմունք ունեն հայաստանցիները կամավորության հանդեպ

Հարցվածների ճնշող մեծամասնությունը դրական վերաբերմունք ունի կամավորության նկատմամբ: Օրինակ, կամավոր աշխատանք կատարելը քաղաքացու համար «կարևոր» կամ «շատ կարևոր» է համարել հարցվածների 78.7 տոկոսը: Միաժամանակ, հարցված հայաստանցիների 92.6 տոկոսը հայտարարել է, որ քաղաքացու համար «կարևոր» կամ «շատ կարևոր» է, որ նա աջակցի ավելի վատ վիճակում գտնվող մարդկանց (Գծապատկեր 5):

Գծապատկեր 5. Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է կարևոր, որ քաղաքացին՝

Diag-5-arm

ԱՄՓՈՓՈՒՄ

Այսպիսով, հարցմանը նախորդող վեց ամիսների ընթացքում հարցված հայաստանցիների փոքր տոկոսն է դիմել իր ՏԻՄ-երին՝ որևէ խնդիր լուծելու նպատակով: Հարցված հայաստանցիները, որպես կանոն, չեն մասնակցել ՏԻՄ-երի աշխատանքներին: Հարցվածների մասնակցությունը ՏԻՄ-երի ընտրություններին բավականին բարձր է եղել: Հարցմանը նախորդող վերջին ընտրություններին (ինչպես համայնքի ղեկավարի, այնպես էլ ավագանու անդամների) մասնակցել է հարցվածների մոտավորապես երեք քառորդը: Այնուամենայնիվ, հարցվածների կեսից քիչն է կարծիք հայտնել, որ համայնքի ղեկավարի և ավագանու վերջին ընտրություններն արդար և թափանցիկ են անցել:

Հարցման պահին հայաստանցիների չնչին տոկոսն է անդամակցել որևէ ֆորմալ կամ ոչ ֆորմալ կազմակերպության: Հարցմանը նախորդող վեց ամիսների ընթացքում հարցվածների փոքր տոկոսն է մասնակցել որևէ բողոքի ցույցի կամ երթի: Նույն ժամանակահատվածում հարցվածների աննշան հատվածն է մասնակցել որևէ հասարակական կազմակերպության նախաձեռնած քննարկման կամ հանդիպման:

Հանրահայտ է, որ բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարման գործընթացներին չափազանց կարևոր է: Այդ մասնակցությունը լրացուցիչ գործոն է տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքն ավելի արդյունավետ և թափանցիկ դարձնելու համար: Ներկայումս Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգը հեռու է մասնակցային լինելուց: Հետևաբար, բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ պետական հաստատությունները, տեղական ինքնակառավարման մարմինները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն հայաստանցիների մասնակցությունը տեղական ինքնակառավարման գործընթացներին խթանելու ուղղությամբ:

 Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնՀայաստան
Հետազոտության արդյունքներն ամփոփել է Տիգրան Մաթոսյանը

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

[1] Սույն զեկույցը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

[2] Հարցման առավել մանրամասն մեթոդաբանության համար, տե՛ս՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան, Բարեփոխումների երկար ճանապարհին, ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգը քաղաքացիների աչքերով, Զեկույց, Երևան 2015:

 

Տեսանյութեր

Լրահոս