
Հայտնի է Արցախյան գինու երրորդ փառատոնի օրը

Արցախյան գինու երրորդ փառատոնի կազմակերպման օրը հայտնի է: Այս տարի այն կկազմակերպվի սեպտեմբերի 17-ին, Հադրութի շրջանի Տող գյուղում:
Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի պատասխանատու Արտակ Գրիգորյանը` հավելելով, որ փառատոնի ծրագիրը մշակման փուլում է և առաջիկայում կներկայացվի հանրությանը:
Ա. Գրիգորյանի խոսքով, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի փառատոնի օրը տեղափոխվել է հոկտեմբերի երրորդ շաբաթից սեպտեմբերի երրորդ շաբաթը: Պատճառն, ըստ մեր զրուցակցի, հիմնականում սեզոնի անձրևային եղանակով է պայմանավորված:
Նշենք, որ Արցախյան գինու առաջին և երկրորդ փառատոներն անց էին կացվում հոկտեմբերի 3-րդ շաբաթ օրը: Արցախյան գինեգործությանն ու մշակույթին նվիրված ամենամյա այդ տոնակատարության ընթացքում կազմակերպվում են արցախյան գինու և բերքի ցուցահանդես-վաճառքներ, ավանդական համերգներ, արվեստի ցուցահանդեսներ:
Գինու տոնավաճառին ներկայացվում են գինեգործությամբ հայտնի ԼՂՀ բոլոր շրջանները, ինչպես նաեւ գինեգործներ Հայաստանի Հանրապետությունից: Արցախյան գինու փառատոնը կազմակերպվում է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ: