Եվրո-2016. Պորտուգալիան չի կարողանում հաղթանակ տանել, իսկ Իսլանդիան հաղթում է Ավստրիային
Եվրո-2016-ի F խմբի 3-րդ տուրում հանդիպեցին Հունգարիան ու Պորտուգալիան, Իսլանդիան ու Ավստրիան։
Լիոնի «Ստադ դե Լիոն» մարզադաշտում հանդիպեցին Հունգարիան ու Պորտուգալիան: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 3:3 հաշվով:
Հունգարիայի հավաքականը հարձակվող Զոլթան Գերայի գոլի շնորհիվ բացեց խաղի հաշիվը։ Մինչև ընդմիջման գնալը պորտուգալացիները Նանիի գոլի շնորհիվ կարողացան վերականգնել հավասարությունը։
Ընդմիջումից հետո հունգարացիները ևս 2 անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն չպահպանեցին հաղթական հաշիվը: Երկրորդ խաղակեսում «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր հաշվին դուբլ ձևակերպեց:
F խմբի մյուս խաղում հանդիպեցին Իսլանդիայի և Ավստրիայի հավաքականները: Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում ընթացող խաղն ավարտվեց 2:1 հաշվով՝ հօգուտ Իսլանդիայի:
Այսպիսով, Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆի մասնակիցներին F խմբից առաջին ու երկրորդ տեղերով միացան Հունգարիայի ու Իսլանդիայի հավաքականները, Պորտուգալիան էլ 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեց երրորդ տեղով:
Հիշեցնենք, որ խմբային փուլի վերջին օրվանից առաջ 1/8 եզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաև Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան, Ֆրանսիան, Շվեյցարիան, Ուելսը, Անգլիան, Գերմանիան, Լեհաստանը, Խորվաթիան, Իտալիան, Սլովակիան ու Հյուսիսային Իռլանդիան: Պայքարը չի ավարտվել միայն E խմբում, որտեղ Իտալիան ապահովել է առաջին տեղը, իսկ Բելգիան, Շվեդիան ու Իռլանդիան պայքարում են ուղեգրի համար:
Եվրո-2016. F խումբ, 3-րդ տուր
Հունգարիա – Պորտուգալիա՝ 3:3 (Զոլթան Գերա, 19, Բալաժ Ջուջակ, 47, 55 – Նանի, 42, Կրիշտիանու Ռոնալդու, 62)
Իսլանդիա – Ավստրիա՝ 2։1 (Յոն Դադի Բոդվարսոն, 18, Արնոր Տրաուստասոն, 90 – Ալեսանդրո Շչոֆ, 60)
Չիրացրած 11-մետրանոց՝ Ալեսանդար Դրագովիչ (Ավստրիա), 37