
Հրետակոծությունից վնասված «Մատաղիս 1» և «Մատաղիս 2» փոքր հէկ-երն արդեն աշխատում են

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հրետակոծության ենթարկված «Մատաղիս 1» և «Մատաղիս 2» փոքր հիդրոէլեկտրակայանների (փհէկ) աշխատանքը վերականգնվել է:
Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության տեխնիկական տնօրեն Արմեն Գասպարյանը:
Նրա խոսքով` հրետակոծության հետևանքով հիմնականում վնասվել են փհէկ-երի աշխատանքն ապահովող շինությունները, ինչպես նաև «Մատաղիս 1»-ի գեներատորներից մեկը` 1,6 մեգավատ հզորությամբ, որն այժմ վերանորոգվում է Երևանում և հուլիսի կեսին շահագործման կհանձնվի:
«Հրետակոծության ժամանակ մեր աշխատակիցները գտնվել են հէկ-երի շենքերում և զեկուցել են, որ արկերից մեկն ընկել է շենքի վրա, որի հետևանքով հրդեհ է բռնկվել: Նրանք անմիջապես հրդեհամարման աշխատանքներ են ձեռնարկել, այնուհետև մեր հրահանգով կանգնեցրել են հէկ-երի աշխատանքը, փակել ջրի փականները և դուրս եկել տարածքից: Արդեն ապրիլի 6-ին մենք սկսել ենք վերականգնողական աշխատանքները, իսկ ապրիլի 16-ին 2 հէկ-ն էլ գործարկվել է:
Այս ընթացքում հասցրել ենք վերականգնել «Մատաղիս 1»-ի բոլոր կոնստրուկցիաները, այժմ էլ աշխատանքներ են տարվում «Մատաղիս 2»-ում»,-մանրամասնել է Ա. Գասպարյանը` հավելելով, որ հրետակոծության հետևանքով վնասվել էին նաև ենթակայանը մալուխներ, մետաղական կոստրուկցիաներ և օդային գիծը: