
Վլադիմիր Գասպարյանը որոշել է օգնել Ղարաբաղի գործընկերոջը

Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունը Հայաստանի ոստիկանությունից աջակցություն է խնդրել, և վերջինս էլ նպատակահարմար է համարել բավարարել խնդրանքը: Ըստ այդմ՝ ԼՂՀ ոստիկանությանը կտրամադրվեն իրավախախտման կատարման վայրում վարորդի և տրանսպորտային միջոցի տվյալները շտեմարանների միջոցով պարզելու, ինչպես նաև սթափության վիճակի զննության համար նախատեսված սարքավորումներ: Հարցը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վաղը կներկայացնի կառավարության նիստում:
Ըստ որոշման նախագծի՝ առաջարկվում է ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվեկշռում գտնվող սարքավորումները և դրանց օժանդակ նյութերը՝ 11 մլն 834 հազար 945 դրամ ընդհանուր արժողությամբ, նվիրաբերել ԼՂՀ ոստիկանությանը և հանել այն ՀՀ ՃՈ հաշվեկշռից։