Պուտինը ծաղկեպսակ է դրել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 22-ին՝ ԽՍՀՄ-ի վրա հիտլերյան Գերմանիայի հարձակման 75-րդ տարելիցի օրը, Ալեքսանդրյան այգում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմի մերձակա Անմար կրակի մոտ: Կրեմլին պատերի մոտ պետության ղեկավարի մասնակցությամբ ավանդական արարողությունը նվիրված է այսօր երկրում նշվող Հիշատակի եւ վշտի օրվան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Պատվավոր պահակախմբի զինվորները ծաղկեպսակ են դրել հուշահամալիրի մոտ, ինչից հետո Պուտինն ուղղել է դրա ժապավենները եւ գլուխ խոնարհել ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում բազմամիլիոն զոհվածների:
Հիշատակի արարողությանը մասնակցել են նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ բարձրաստիճան այլ անձինք:
Միջոցառումն ավարտվել է Մոսկվայի կայազորի զորքերի հանդիսավոր երթով, որոնք ներկայացնում են զինված ուժերի երեք զորատեսակները՝ ցամաքային զորքերը, ռազմատիեզերական ուժերը եւ ռազմածովային նավատորմը:
Ավելի վաղ Պետդումայի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը: