Ռուս հայտնի արևելագետ Եվգենի Սատանովսկու անունը կներառվի Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»
ՌԴ Մերձավոր Արևելքի անկախ գիտական կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Եվգենի Սատանովսկու անունը կներառվի Ադրբեջանի ԱԳՆ-ի «անցանկալի անձանց ցուցակում», հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Գաջիևը:
Վերջինս հայտարարել է, թե Սատանովսկին այցելել է «հայերի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածք՝ խախտելով Ադրբեջանի «Պետական սահմանի մասին» օրենքը»:
Հիշեցնենք, որ Սատանովսկին անցած շաբաթ առաջ այցելել էր ԼՂՀ, մի շարք հանդիպումներ է ունեցել տեղի իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Բացի այդ՝ վերջինս նախօրեին ծավալուն հարցազրույց էր տվել ադրբեջանական haqqin.az պորտալին՝ պատմելով ԼՂ կատարած այցի մասին:
Հնարավոր է, որ «սև ցուցակում» հայտնվելու պատճառներից մեկն էլ եղել է նրա աղմկահարույց հարցազրույցը:
Լրագրողի հարցին, թե ինչ է իր համար պարզել վերջինս ուղևորության արդյունքում, Սատանովսկին պատասխանել է, որ ինքը հասկացել է, թե ինչ է տեղի ունենում նախկին ԽՍՀՄ այդ շրջանում:
«Կարո՞ղ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակել պատերազմը, ինչպես եղավ ապրիլին։ Կարող է։ Կարո՞ղ է նա հաղթել, իմ անձնական տեսանկյունից՝ ոչ։ Որքանով հասկանում եմ՝ հարցն այն մասին, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում, ռազմական տրամաբանության և իրական քաղաքականության տեսանկյունից ամբողջովին փակ է։ Ադրբեջանը կարող է աղալ ինչ քանակությամբ ասես մարդկանց, կարող է դրա համար օգտագործել ցանկացած քանակությամբ ժամանակ և գումար, սակայն, անկեղծ ասած, դրանում իմաստը շատ փոքր է։ Եթե, իհարկե, ցանկություն չկա, որ պատերազմն անմիջականորեն անցնի Ադրբեջանի տարածք։ Ես նկատի ունեմ ականաֆուգասային, ռելսային պատերազմը, օբյեկտների ենթակառուցվածքների ոչնչացումը:
Այսօր այդ տարածքն առանձնացել է Ադրբեջանից, և Ադրբեջանի կազմ չի վերադառնա։ Այն բանի համար, որ Ղարաբաղը վերադառնա Ադրբեջանի կազմ, անհրաժեշտ է ֆիզիկապես ոչնչացնել այդ տարածքի ողջ բնակչությանը։ Եթե Ադրբեջանը կարողանա դա անել, ապա Ղարաբաղը կդառնա նրա մաս։ Պետք է պարզապես հարց տալ ինքդ քեզ՝ ի՞նչ հետևանքներ կլինեն, և կկարողանա՞ արդյոք դա անել Ադրբեջանը։ Հասկացեք, կան բաներ, որոնք լուծելի չեն։ Եվ Ղարաբաղյան հակամարտությունը հենց այդ դեպքն է։ Միակ բանը, որ կարելի է անել, դա կանգնեցնելն է, դադարելը միմյանց սպանել, և հասկանալը, որ դա, ինչպես դուք ասում եք, գիսմեթ է՝ ճակատագիր»,- հայտարարել էր Սատանովսկին: