Ավագ ենթասպան հայտնվել է ամբաստանյալի աթոռին. նրան մեղադրում են 17 մլն-ին համարժեք ապրանքներ յուրացնելու մեջ
ՀՀ ՊՆ N զորամասի ռազմատեխնիկական գույքի պահեստի պետ, կոչումով ավագ ենթասպա Ա. Այվազյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Քրեական գործի շրջանակներում Ա. Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. նոյեմբերի 01-ից զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի ռազմատեխնիկական գույքի պահեստի պետի պաշտոնը, կոչումով ավագ ենթասպա, «ՀՀ ԶՈՒ զորային տնտեսության մասին» կանոնակարգի 60-61-րդ հոդվածների համաձայն, պատասխանատու լինելով պահեստում նյութական միջոցների առկայության և ժամանակին հաշվառման համար, պարտավոր լինելով հետևել այդ միջոցների առկայությանը, բացառել դրանց պակասորդները, վարել պահեստում գտնվող նյութական միջոցների քանակական հաշվառում, այսինքն՝ հանդիսանալով վարչատնտեսական լիազորություններով օժտված պաշտոնատար անձ, պաշտոնական դիրքն օգտագործելով, տվյալ պաշտոնում ծառայության նշանակվելու օրվանից մինչև 2015թ. օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար պահեստից դուրս է բերել իրեն հանձնված, պահեստում պահվող և ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 17.550.080 դրամին համարժեք տարբեր տեսակի մալուխներ, թիրախներ, ամբարձիչներ, մետաղական խողովակներ, յուղաներկեր, մետաղական ճոպաններ, և յուրացրել:
Բացի այդ՝ ըստ մեղադրանքի՝ վերադաս հրամանատարության մոտ իր ծառայողական պարտականություններն անթերի, ճիշտ և ժամանակին զինծառայողի պատրանք ստեղծելու նպատակով՝ յուրաքանչյուր ամիս պահեստներում պահվող ապրանքանյութական արժեքների վերաբերյալ կազմել է ակնհայտ կեղծ հաշվետվություններ:
Խափանման միջոց է ընտրվել գրավը: Քրեական գործն ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: