«Ռուսաստանը չի կարող թույլ տալ Հայաստանի պարտությունը Ղարաբաղյան հակամարտությունում». Իսրայելցի պետական գործիչ Յակով Կեդմի

Ապրիլի 2-ի բռնկումը Լեռնային Ղարաբաղում մերկացրեց բազմամյա հակասությունը, որն առնչվում է ոչ միայն հակամարտության հիմնական մասնակիցներին՝ Հայաստանին և Ադրբեջանին, այլև խոշոր ուժերի, որոնք, այսպես թե այնպես, ստիպված են ավելի խորանալ Անդրկովկասի իրողություններում:

Տարածաշրջանային գործընթացների ոչ անմիջական մասնակից դարձավ Իսրայելը, որի դերն այսօրվա դրությամբ իսկապես ազդում է ուժերի հարաբերակցության վրա:

Թել Ավիվը, թեև չի մասնակցում անմիջականորեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, սակայն սերտ հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ: Իսրայելը երկար տարիներ հանդիսանում է ադրբեջանական նավթի խոշորագույն գնորդներից մեկը:

Իսրայելում գործում են ադրբեջանամետ հասարակական կազմակերպություններ, բազմաթիվ իսրայելցի քաղաքական գործիչներ Ադրբեջանից են, բնականաբար, զբաղվում են Ադրբեջանի լոբբինգով:

Կարդացեք նաև

Իր հերթին՝ Բաքուն իսրայելական զենքի խոշորագույն գնորդներից է: Իսրայելն Ադրբեջանին 2007 թվականից մատակարարում է հարվածային անօդաչու թռչող սարքեր, զենք, հակաօդային պաշտպանության համակարգեր, Ադրբեջանում գործում են մի քանի համատեղ ձեռնարկություններ, որոնք տեղում արտադրում են ԱԹՍ-ներ:

Ապրիլյան դեպքերից մի քանի օր առաջ Իսրայելն Ադրբեջանին մատակարարել էր լազերային տեսանելիությամբ հակատանկային նորագույն հրթիռներ: Վերջին էսկալացիայի ընթացքում Ադրբեջանը կիրառել էր ԱԹՍ-ները հայկական զորքերի և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ: Այդ առնչությամբ իսրայելցի քաղաքական գործիչները պահանջել էին դադարեցնել Ադրբեջանին հարվածային սպառազինությունների մատակարարումները:

EADaily-ն զրուցել է իսրայելցի պետական գործիչ, «Նատիվ» (1992−1999թթ.) հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Յակով Կեդմիի հետ:

Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:

– Ո՞ւմ է ձեռնտու Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացումը:

– Մեծ հաշվով, ոչ ոքի, բացի Թուրքիայից:

– Ինչպե՞ս է փոխվել ու փոխվե՞լ է արդյոք տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը:

– Այն չի էլ փոխվել, բացի Թուրքիայի դերի թուլացումից Ռուսաստանի հետ հակամարտության պատճառով:

– Կա՞ արդյոք կոնսենսուս համաշխարհային աշխարհաքաղաքական ուժերի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում:

– Այո, որոշումը միայն Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների արդյունքում է: Չկա ռազմական լուծում, գրեթե բոլորի կարծիքով:

– Կարելի՞ է էսկալացիայի արդյունքով գնահատել բանակցություններում հակամարտող կողմերի դիրքերի թուլացում կամ ամրապնդում:

– Ոչ մի կողմ չի կարողացել ամրապնդել իր քաղաքական դիրքերը ռազմական իրավիճակի հետևանքով:

– Հնարավո՞ր է անմիջական ճնշում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Բաքվի և Երևանի վրա՝ նպատակ ունենալով ընդունել կարգավորման պլան:

– Վստահ չեմ: Ազդեցություն՝ այո: Ճնշում՝ դժվար թե: Մի կողմից՝ Ադրբեջանն ուժեղ է քաղաքական առումով նավթի, գազի և Իրանին աշխարհագրորեն մոտ լինելու պատճառով: Հայաստանն ուժեղ է Եվրոպայում (Ֆրանսիա), ԱՄՆ-ում հայկական սփյուռքով: Եվ Ռուսաստանը չի կարող թույլ տալ Հայաստանի պարտությունը Կովկասում և Թուրքիայի հետ սահմանին իր վիճակի պատճառով:

– Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի ավա՞րտ է, թե՞ սկիզբ:

– Մեծ պատերազմ չի կարող լինել: Այն անօգուտ է ռազմական տեսակետից: Ոչ ոք, բացի Թուրքիայից, պատերազմին չի աջակցում: Իսկ ԱՄՆ-ը, Եվրոպան և Ռուսաստանն արագ կստիպեն դադարեցնել այն:

– Ինչպե՞ս են Իսրայելում արձագանքում հայկական կողմի բողոքներին՝ կապված Ադրբեջանին զենք մատակարարելու հետ:

– Պաշտոնապես՝ ոչ մի ձևով:

– ԶԼՄ-ներում ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են հայտնվում ադրբեջանական բանակի ուսուցմանն իսրայելցի ռազմական խորհրդատուների ներգրավվածության մասին: Այդ տեղեկությունը որքանո՞վ է հավաստի:

– Բամբասանքների առումով, կարող է: Գործնականում, բացի Ադրբեջանին պայմանագրով նախատեսված զենքի հետ վարվելու կանոնների ուսուցումից, Իսրայելը չի մարզում ադրբեջանական բանակը: Իսկ ուսուցումը կազմակերպում են սպառազինություններ մատակարարող ընկերությունները:

Պատրաստեց՝ Կարմեն Ղուկասյանը

Տեսանյութեր

Լրահոս