«Սկզբում շատ ինտենսիվ կրակահերթ էր, կարծես հրավառության ձայներ լինեին». «Երրորդմասցի Լյովիկի» և ընկերների սպանության գործով հարցաքննվում են վկաները

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր «Երրորդմասցի Լյովիկի» և ընկերների սպանության գործի քննությունը: Դատարանն այսօր շարունակում էր գործով վկաների հարցաքննությունը:

Դատարանում այսօր հարցաքննվեց Արթուր Հակոբյանը, ով ԱԱԾ աշխատակից է, գործով ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանի մորաքրոջ որդին: Նա ասաց, որ դեպքի մասին ոչինչ չգիտի: Իրեն հարցաքննել են, ինքը նշել է, որ դեպքից տեղյակ չէ, սկսել են ներկայացնել դեպքը: «Ես, ճիշտն ասած, ասացի, որ չեմ հավատում նման բան իրենցից»,- ասաց վկան՝ նշելով, որ իրեն տեսագրություններ են ցույց տվել, սակայն դրանում ոչինչ չի երևացել: Նա նշեց, որ «սովորության համաձայն»՝ չի կարդացել ցուցմունքը, ստորագրել է ու գնացել: Վկան նշեց, որ մինչև իր հարցաքննության գնալը քննիչն արդեն գիտեր, որ Սարգիս Գրիգորյանն իր մորաքրոջ որդին է:

Մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը: Միջնորդության լուծումն ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը թողեց դատարանի հայեցողությանը, սակայն խնդրեց նկատի ունենալ, որ այս անձը վկա չէր կարող հանդիսանալ, քանի որ Քրեական դատավարության օրենսգրքում սահմանված է, թե ով է վկան. «Ի՞նչ տվյալ կա, որը մենք՝ որպես դատավարության մասնակիցներ, այդ տեսանյութը նայելով՝ չենք տեսնի, այս վկան մեզ պետք է օգնի, որ այդ տեսանյութում մենք ինչ-որ բան տեսնենք»: Ըստ հրապարակված ցուցմունքի՝ նախաքննության ընթացքում վկան ասել էր, որ ներկայացված տեսանյութերից մեկում անցնում է մորաքրոջ որդին՝ Ծգլը: Նախաքննական իր ցուցմունքի վերաբերյալ վկան տարբեր բաներ ասաց՝ մեկ նշելով, որ մորաքրոջ տղայի անցնելու վերաբերյալ բան չի ասել, մեկ նշելով, որ քննիչի գրածն է արտագրել, մեկ նշելով, որ ուրիշ բան է ասել, ուրիշ բան է դուրս եկել:

Վկա Ռուդիկ Խլոյանն էլ ասաց, որ ամբաստանյալներին չի ճանաչում: Նա նշեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում է եղել, ձայներ է լսել, իրեն թվացել է, թե հրավառություն է: Հետո իմացել է, որ սպանություն է տեղի ունեցել: Բացի այդ՝ ավտոկայանատեղիում մահացած մարդ է եղել: Դատարանում վկան ասաց, որ կրակող անձ չի տեսել, սակայն իր նախաքննական ցուցմունքում հայտնել էր՝ «տեսել եմ այդ ատրճանակով կրակող անձին»: «Ես միայն լսել եմ կրակոցներ: Ընդ որում, սկզբում շատ ինտենսիվ կրակահերթ էր, կարծես հրավառության ձայներ լինեին, իսկ հետո տեսել եմ այդ ատրճանակով կրակող անձին»,- ըստ արձանագրության՝ նախաքննության ընթացքում հայտնել էր վկան: Դատարանում այսօր նա նշեց, որ իրեն պատմել են դրա մասին:

Կարդացեք նաև

Վկաներից Գրիգոր Իսրայելյանն էլ ասաց, որ տաքսու վարորդ է, ամբաստանյալներին չի ճանաչում: Նա նշեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ պատվիրատու է տարել, պետք է սպասեր նրան, որոշել է հանգստանալ մեքենայում, քնել է, ապա կրակոցների ձայներ է լսել, մեքենայում թաքնվել է: Ոստիկանության ժամանելուց հետո իջել է մեքենայից. մեքենայի հետևում մահացած մարդ կար: Հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, որի համաձայն՝ դեպքի օրը հաճախորդ է տեղափոխել ՔԿՀ, սուրճ է գնել, ապա քնել, լսել է բարձրաձայն հայհոյանքներ, նկատել, որ սև դիմակով մարդն ավտոմատը ձեռքում՝ բարձր հայհոյելով, առաջացել է և ավտոմատով կրակահերթ արձակել: Ապա ևս մեկ դիմակավորված անձ է դուրս եկել, ինքը պառկել է մեքենայի մեջ՝ հրազենային վիրավորումից խուսափելու համար: Մեքնայից դուրս գալուց հետո արնաշաղախ մարդ է նկատել:

 

Տեսանյութեր

Լրահոս