«Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը բավականին օգտակար էր». Էդվարդ Նալբանդյան
Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը տրամաբանական շարունակությունն էր մայիսի 16-ին Վիեննայում կայացած գագաթաժողովի, որի ընթացքում այլ բավական կարևոր պայմանավորվածություններ էին ձեռք բերվել: Նախագահների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է նախարարի խոսքն ամբողջությամբ.
«Մենք շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնության նախագահին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Արդբեջանի նախագահների այս հանդիպումը կազմակերպելու համար: Սա տրամաբանական շարունակությունն էր մայիսի 16-ին Վիեննայում կայացած գագաթաժողովի, որի ընթացքում այլ բավական կարևոր պայմանավորվածություններ էին ձեռք բերվել՝ ուղղված բանակցային գործընթացը վերսկսելու համար համապատասխան պայմանների ստեղծմանը։
Գիտեք, որ Վիեննայում եռանախագահող երկրների նախարարների մակարդակով հայտարարություն արվեց, որտեղ արտացոլված էին այն պայմանավորվածություններն ու հանձնառությունները, որ կողմերը ստանձնել էին. նախևառաջ, բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորում, 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգում: Այդ համաձայնագրերի, որոնց կարևորությունը հատուկ շեշտեցին համանախագահ երկրների նախարարները: Պայմանավորվածություններ էին ձեռք բերվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, ու Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներակայցուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբեյալ:
Գիտեք, որ այնուհետև կայացան Ադրնեջանի և Հայաստանի արտգործնախարարների առանձին հանդիպումները Բրյուսելում և Փարիզում համանախագահների հետ, որտեղ համապատասխան մանրամասն առաջարկներ հանձնվեցին այս երկու առաջարկությունների վերաբերյալ՝ հետաքննության մեխանիզմի ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպշիկի թիմի ընդլայնման: Հայկական կողմն աշխատում է եռանախագահող երկրների հետ այս երկու առաջարկների վրա: Ցավոք, կարող ենք ասել, որ Ադրբեջանը մինչ օրս կառուցողական մոտեցում չէր ցուցաբերում այս հարցի վերաբերյալ։
Փաստորեն, իրենք մինչ այսօր խոչընդոտում էին ԵԱՀԿ ֆինանսական և բյուջետային հանձնաժողովում, որպեսզի ֆինանսավորում տրամադրվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնմանը:
Այսօր՝ Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը, նախագահների մակարդակով, ևս մեկ անգամ ընդգծվեց, որ այդ թիմը պետք է ընդլայնվի: Այս մասին նշվեց հայտարարության մեջ, որը հանդիպման արդյունքում արել են նախագահները: Խոսքը գնում է նաև մեխանիզմի ստեղծման մասին, որի վերաբերյալ որոշումը կայացվել էր Վիեննայում, և դա առաջին անգամ չէր: Այդպիսի մեխանիզմի ստեղծման վերաբերյալ կողմերը պայմանավորվել էին դեռ առնվազն երկու անգամ նախագահների մակարդակով՝ Սոչիում 2011թ. և 2012թ.:
Նորից նույն բանն էր պատահել. ամեն անգամ Ադրբեջանը փորձում է հետքայլ անել: Իհարկե, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի միջև այս ժամանակահատվածում ադրբեջանական կողմը տարբեր հայտարարություններով, չէի ասի, որ կառուցողական, դուք բոլորդ էլ գիտեք՝ ինչ հայտարարություններ են հնչել Բաքվից, և նաև այն, որ հենց երեկ և այսօր՝ այս օրերին, երբ գագաթաժողովն է ընթանում, Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում՝ 25000 զինվորների և ծանր զինտեխնիկայի, սպառազինության ընդգրկմամբ:
Չեմ կարծում, որ սա կառուցողական մոտեցում է գագաթաժողովներից առաջ և ընթացքում: Չնայած դրան, կարող եմ ասել, որ այսօրվա հանդիպումը բավականին օգտակար էր, և որոշ զգուշավորությամբ կարող եմ ասել նաև, որ անցել է կառուցողական մթնոլորտում: Որոշ հարցերի շուրջ նախագահները եկան այն ըմբռման, որ եթե դրանց շուրջ պայմանավորվածություն լինի, ապա հնարավորություն կստեղծվի բանակցային գործընթացն առաջ շարժել դեպի հիմնախնդրի կարգավորում: Այս մասին նշվում է նաև Սանտկ Պետերբուրգի գագաթաժողովի արդյունքներով նախագահների կողմից արված հայտարարության մեջ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կշարունակվեն հանդիպումները նախագահների ու նախարարների մակարդակով, և, որ գործընթացը շարունակվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափով: Պատահական չէր, որ նախագահների հանդիպման եզրափակիչ մասում եռանախագահող երկրների դեսպանները հրավիրվեցին ներկա գտնվելու դրան։ Հայաստանի Հանրապետության Նախագահը առանձին հանդիպում ունեցավ նաև եռանախագահների հետ և ներկայացրեց մեր տպավորությունները այս գագաթաժողովի արդյունքներից»: