
«Ժիրայր Սէֆիլյանն օգտվել է լռելու իր իրավունքից». պաշտպան

Փաստաբան Գևորգ Դավթյանը ներգրավվել է որպես Ժիրայր Սէֆիլյանի պաշտպան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գևորգ Դավթյանը՝ նշելով, որ մասնակցել է Ժիրայր Սէֆիլյանի հարցաքննությանը: Փաստաբանի փոխանցմամբ՝ Ժիրայր Սէֆիլյանը օգտվելու է լռելու իր իրավունքից: Գևորգ Դավթյանը հայտնեց նաև, որ Ժիրայր Սէֆիլյանը կարծում է, որ այս ամենը կապված է իր քաղաքական գործունեության հետ:
Գևորգ Դավթյանը հայտնեց նաև, որ Ժիրայր Սէֆիլյանը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Նշենք, որ Ժիրայր Սէֆիլյանը ձերբկալվել է այսօր: ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ քրեական գործի շրջանակներում համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ընդ որում, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում:
2016թ. մայիսի 20-ին տեղի ունեցած վերը նկարագրված ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում էլ հայտնաբերվել են Ժիրայր Սէֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը:
Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար, ութ անձի առաջադրվել է մեղադրանք, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Առաջադրված մեղադրանքները հիմնավորվել են ինչպես գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցնելով, այնպես էլ՝ խմբի անդամների խոստովանական ցուցմունքներով:
Մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով 2016թ. հունիսի 20-ին Ժիրայր Սէֆիլյանը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: