«Վարդան Օսկանյանը կուսակցություն ստեղծելու և իշխանության գալու բավական հարմար պահ է ընտրել». Ահարոն Ադիբեկյան

«Կուսակցությունները ստեղծվում են ցասման ալիքի հետևանքով: Հայաստանում այսօր կա 75 գրանցված կուսակցություն, որից 5-ը՝ նորաստեղծ: Սակայն, նորաստեղծ թե հին, դրանք իրենց ծրագրերն արտագրում են մեկը մյուսից: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Մենք գնում ենք իշխանության ամենակարճ ու իրատեսական ճանապարհով»: Երբ նայում ես իր թիմը, զարմանում ես, թե այդ թիմով ո՞նց կարելի է գալ իշխանության: Իշխանության գալու համար պետք է ունենալ կադրային ռեսուրս, կազմակերպչական ռեսուրս, ու ՏԻՄ-երում կարողանաս հաղթել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ հայերը ոչ թե կարգախոսներին են նայում, այլ մարդկանց դեմքերին:

Ըստ նրա՝ ՀԱԿ-ը հիմնականում հավաքում է բողոքականների ձայները. «Բայց քանի որ ՀԱԿ-ին չեն հավատում, տոկոսը մնում է 7-10-ի արանքում: «Ժառանգությունը» նվազեցրել է իր քաղաքական քաշը, ԲՀԿ-ն՝ տրոհվել: Գալով ՀՀԿ-ին՝ ակնհայտ է՝ նրան ձայն տվողների մի մասն իսկապես իշխանամետ է, մյուսները ձայն տալիս են ինչ-որ շահերից ելնելով, երրորդները՝ պահպանողական լինելու պատճառով: Վերջինները վախենում են ՀՀԿ-ի հեռացումից՝ վախենալով սեփական դիրքերի կորուստից»:

Ադիբեկյանը նկատեց՝ Վարդան Օսկանյանը կուսակցություն ստեղծելու և իշխանության գալու բավական հարմար պահ է ընտրել. «Սակայն, դժբախտաբար, նա խարիզմատիկ չէ, փոխարենը՝ իրատես է, նա չի ասում` գալիս եմ իշխանության, սակայն նաև չի բացառում դրա հնարավորությունը: Հավանական է՝ ընտրությունների ժամանակ նա կտանի «Ժառանգության» ընտրազանգվածին»:

Իսկ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ քաղաքական ուժերի մոտ «բանկրոտ» է. «Իշխանությունը կտրված է հասարակությունից, նա մեր օրակարգը չի սպասարկում, իսկ մեր օրակարգը չպետք է այդպես լինի: Մենք կտոր-կտոր հանձնում ենք մեր հայրենիքը, հանձնում ենք հեկտարներով հողեր: Հայաստանում ոչ թե օրակարգն է ձևավորում քաղաքական հարթակ, այլ՝ անձինք են ձևավորում քաղաքական օրակարգ»:

Կարդացեք նաև

Նա ընդգծեց՝ ԱԺ պատգամավորների խումբն իրեն համարում է ընդդիմություն և ասում, թե հաջորդ անգամ գալու են իշխանության. «Դուք արդեն իշխանություն եք, դուք այս քաղաքական ծրագրի իրականացնողներն եք, որը բերեց 800 հա կորստի»:

Անդրադառնալով Օսկանյանի կուսակցությանը՝ Ա. Արշակյանը նշեց, որ նա իշխանություն է եղել, ամենաբարձր վճիռ կայացնողներից մեկն է եղել. «Ես նրա հանդեպ դրական զգացողություններ ունեմ: Որպես սփյուռքահայի՝ ես նրան լավ եմ վերաբերվում: Միաժամանակ ուզում եմ ասել՝ Հայաստանը տրենաժոր չէ, որ ով ցանկանա՝ գա, իշխան լինի: Այս աշնանը մենք կհեռացնենք այդպես մտածողներին»:

Խոսելով այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպման մասին՝ նա  նշեց, որ հանդիպումից հետո՝ ամառվա ընթացքում, կարող են լուրջ փոփոխություններ լինել:

«Կախված ստատուս-քվոյի պահպանման կամ փոփոխության հնարավորությունից՝ հնարավոր է՝ այդ հանդիպումից հետո մենք նոր ազգային-ազատագրական շարժում սկսենք՝ պայքարելու մեր ինքնիշխանության համար»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս