5 խորհուրդ՝ ինչպես կրճատել արտերկրում արձակուրդի ծախսերը
Այս սեզոնին շատերն են հաշվարկներ անում՝ ուր գնալ հանգստանալ և ինչպես տեղավորվել սահմանափակ բյուջեի մեջ։ ABCFinance.am-ը 5 խորհուրդ է ներկայացնում՝ ինչպես կրճատել արտերկրում արձակուրդի ծախսերը
Նախօրո՛ք պլանավորեք Ձեր բյուջեն:
Ինչու՞
Մինչև արձակուրդ գնալը, հաշվարկելով Ձեր արձակուրդի համար անհրաժեշտ բոլոր հնարավոր ծախսերը, Դուք կտեսնեք՝ որքան գումար է Ձեզ անհրաժեշտ, և կկարողանաք խուսափել արձակուրդի ժամանակ լրացուցիչ, անտեղի ծախսերից: Համաձայն ուսումնասիրությունների՝ մարդկանց 80%-ը արձակուրդի ժամանակ ծախսում են ավել գումար, քան իրականում կարծում էին, թե կծախսեն:
Ինչպե՞ս
Գրառեք և հաշվառեք Ձեր արձակուրդի հետ կապված բոլոր ծախսերը. այդ թվում՝ ճանապարհորդային ապահովագրություն, գիշերակաց, արձակուրդի համար անհրաժեշտ հագուստ, ուտելիք և ըմպելիք, տրանսպորտ, ժամանց և այլ:
Սահմանեք արձակուրդի համար անհրաժեշտ ամենակարևոր ծախսերը և գումարը ծախսեք ըստ առաջնահերթության:
Մի՛ շտապեք վարկ վերցնելիս
Ինչու՞
Արձակուրդը կազմակերպելու լավագույն միջոցը կուտակված խնայողություններն են, սակայն եթե Ձեր խնայողությունները բավարար չեն և Դուք, այնուամենայնիվ, պատրաստվում եք արձակուրդը կազմակերպելու համար վարկ վերցնել, ապա վստահ եղեք, որ փնտրել և գտել եք ամենաէժան վարկատեսակը:
Ինչպե՞ս
Ֆինանսական օգնականի միջոցով հեշտ և արագ գտեք ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից առաջարկած ամենաէժան վարկերը:
Մինչև վարկ վերցնելը կազմեք ծրագիր, թե ինչպես եք իրականցվելու վարկի մարումը: Հիշեք՝ եթե վարկի մարումները կատարեք ուշացումներով, ապա կձևավորեք վատ վարկային պատմություն:
Ուշադի՛ր եղեք վճարային քարտ ընտրելիս և օգտագործելիս
Ինչու՞
Շատ մարդիկ արտերկրում որպես վճարումներ կատարելու էժան տարբերակ նախընտրում են օգտագործել վճարային քարտ: Իրականում վճարային քարտը կլինի արտերկրում վճարումներ կատարելու լավագույն տարբերակ միայն, եթե Դուք ընտրել եք ճիշտ վճարային քարտ և ուշադիր եք այն օգտագործելիս:
Ինչպե՞ս
Ուսումնասիրեք շուկան և գտեք Ձեզ ամենահարմար վճարային քարտը:
Ընտրեք քարտի տեսակը Visa. Master և այլ ` կախված նրանից, թե որ արժույթն է համարվում հիմնական կամ առավել շատ օգտագործվող այդ երկրում:
Մինչև արտերկիր մեկնելը ճշտեք՝ որքան է կազմում այդ երկրում քարտից գումար կանխիկացնելու միջնորդավճարը: Նվազագույնը այն կարող է կազմել Ձեր կանխիկացվող գումարի 2-3%-ը:
Եթե արտերկրում օգտագործելու եք Ձեր մշտական հեռախոսահամարը, ապա օգտվեք քարտային հաշվի շարժը ցույց տվող «բջջային հաղորդագրություն» ծառայությունից: Սա կօգնի sms-ների միջոցով անընդհատ տեսնել հաշվի մնացորդը և կառավարել ծախսերը:
Ձեր մոտ պահեք Ձեր բանկի կոնտակտային տվյալները: Հիշեք քարտը կորցնելու դեպքում կամ Ձեր ծախսի մասին անհապաղ պետք է զանգահարել բանկ և արգելափակել այն:
Օգտվեք միայն ապահով, վերահսկվող և լուսավոր վայրերում տեղակայված բանկոմատներից:
Մի թույլատրեք, որ ռեստորանում կամ այլ վայրում քարտով վճարում կատարելիս այն հեռացնեն Ձեր տեսադաշտից: Հիշեք՝ նմանատիպ վայրերում POS-տերմինալը պետք է լինի շարժական, ուստի վճարումը կատարելիս աշխատակիցը ոչ թե պետք է հեռացնի քարտը, այլ պետք է մոտեցնի POS-տերմինալը:
Մինչև անդորրագիրը ստորագրելը, ստուգեք՝ արդյոք անդորրագրում նշված գումարը համընկնում է գործարքի գումարին:
Մի վստահեք Ձեր քարտը կամ ծածկագիրը անծանոթ մարդկանց:
Ուշադիր եղեք քարտով վճարումներ անելիս, չնայած այն համարվում է արտերկրում վճարում կատարելու լավագույն միջոցներից մեկը, այնուամենայնիվ քարտով վճարումները ավելի դժվար է վերահսկել, և կառավարել ծախսերը:
Ուշադի՛ր եղեք Ձեզ մոտ առկա կանխիկ գումարին:
Ինչու՞
Չնայած, որպես կանոն, կանխիկ գումարը ավելի հեշտ է կառավարել, քանի որ ծախսերը տեսանելի և շոշափելի են, այնուամենայնիվ կանխիկը նաև հեշտ է կորցնել: Շատերը հաստատում են, որ արձակուրդը ընդհատելու ամենատարածված պատճառներից մեկը գումարի կորուստն է: Ուստի պետք է լինել ուշադիր, թե որտեղ եք պահում և ինչպես եք տնօրինում Ձեզ մոտ առկա կանխիկը:
Ինչպե՞ս
Միշտ ունեցեք Ձեզ հետ որոշ կանխիկ գումար՝ փոքր և անվստահելի վայրերից գնումերի անելու համար:
Խուսափեք գումարը օդանավակայանում փոխանակելուց, քանի որ այնտեղ ամենաբարձր գներն են:
Բաշխեք և պահեք կանխիկ գումարը տարբեր վայրերում, օրինակ` մի մասը դրամապանակում, մյուս մասը ճամպրուկում և գրպանում:
Փողոցում քայլելիս կամ անծանոթների մոտ մի խոսեք Ձեզ մոտ առկա գումարի մասին:
Ուշադիր եղեք Ձեր դրամապանակի և պայուսակի նկատմամբ:
Ապահովագրե՛ք Ձեզ անսպասելի ծախսերից
Ինչու՞
Ենթադրենք իրավիճակ, երբ Դուք գտնվում եք օտար երկրում, միայնակ, և Ձեզ հետ պատահում է տհաճ, անսպասելի պատահար, որը Ձեզ կանգնեցնում է լուրջ ծախսերի առջև, որոնց Դուք պատրաստ չեք: Օրինակ՝ ճամպրուկի կորուստ, վթար, վատառողջություն, շտապ վիրահատության անհրաժեշտություն և այլ:
Այս պարագայում Դուք կլինեք ապահով, եթե նախօրոք արձակուրդի համար ձեռք եք բերել ճանապարհորդային ապահովագրություն։ Այսինքն` մինչև արձակուրդ մեկնելը, ապահովագրական ընկերությանը վճարելով փոքր գումար (ապահովագրավճար), ստացել եք ապահովագրական վկայագիր, և եթե ճամփորդության ընթացքում Ձեզ հետ տեղի ունենա որևէ պատահար, ապահովագրական ընկերությունը կհոգա առաջացած ծախսերը։
Ինչպե՞ս
Ուսումնասիրեք և գտեք ճանապարհորդային ապահովագրության այն տեսակը որը առավելագույն բավարարում է Ձեր պահանջները: Մի շտապեք միանգամից ընտրել ամենաէժան տարբերակը. էժան դեռևս չի նշանակում հարմար տարբերակ:
Ճշտեք Ձեր ապահովագրական ընկերությունից՝ արդյոք Ձեր ընտրած ճանապարհորդային ապահովագրության տեսակը գործում է այն երկրում, ուր մեկնում եք:
Մինչև ճանապարհորդային ապահովագրության պայմանագիր կնքելը, ուշադիր պայմանագրում կարդացեք՝ որ դեպքերն են հատուցվում և որոնք են կազմում բացառություններ:
Եթե պարբերաբար մեկնում եք արտերկիր, ապա ձեռնտու է վերցնել ճանապարհորդային ապահովագրություն ավելի երկար ժամանակահատվածի համար:
Այն հեռախոսահամարը, որին պետք է զանգահարեք պատահարի դեպքում՝ պահեք Ձեզ հեշտ հասանելի վայրում օրինակ՝ պայուսակում, դրամապանակում կամ գրպանում: