Եթե Ալիևը չհանձնի քննությունը

Սանկտ Պետերբուրգում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպումը որոշակի առումով քննություն է Ադրբեջանի համար: Անդրադառնալով հունիսի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահի հանդիպմանը, ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Այն, ինչ պայմանավորվել են Վիեննայում, չափազանց կարևոր է, առանց դրա՝ բանակցություններում որևէ առաջընթացի մասին խոսելն անհնար է: Արդյո՞ք նա համաձայնեց՝ չկարողանալով Վիեննայում դիմակայել այդ երեք պետությունների ճնշմանը և առաջարկություններին, իսկ հիմա փորձելու է տապալել այդ համաձայնությունը, թե՞ ոչ»: Ռուսական նախաձեռնությամբ կայանալիք նախագահական հանդիպման մասին այս գնահատականը բավական ուշագրավ է, հատկապես, երբ այն հնչում է Հայաստանի փոխարտգործնախարարի շուրթերից:

Ուշագրավ է այն առումով, որ Հայաստանն այդպիսով արձանագրում է հանդիպման վտանգավորությունը: Ոչ թե բուն հանդիպման, այլ հանդիպումից հետո հնարավոր զարգացումների իմաստով: Իսկ ի՞նչ է լինելու, եթե Ալիևը «չհանձնի» քննությունը: Ընդ որում, Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների առումով, այս հանդիպումը գրեթե հավասարապես քննություն է նաև Ռուսաստանի համար, քանի որ վիեննական պայմանավորվածությունների առանցքային բաղադրիչին` շփման գծում մոնիտորինգային մեխանիզմների կիրառմանը, դիմադրում էր (է) ոչ միայն՝ Ադրբեջանը, այլև՝ Ռուսաստանը, որի համար տարածաշրջանում համեմատաբար երկարաժամկետ խաղաղությունը (այդ մեխանիզմների ներդրումն էապես նվազեցնելու է պատերազմի վտանգը) հակասում է Ռուսաստանի տարածաշրջանային շահերին:

Պատահական չէ, որ այդ պայմանավորվածությունները ձեռք բերվեցին հենց Վիեննայում` դե ֆակտո գրեթե ամբողջությամբ ամերիկյան նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ընթացքում, որտեղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ոչ այնքան՝ մասնակցի, որքան՝ ընթերակայի կարգավիճակում էր: Այսպիսով, քննություն պետք է հանձնի ոչ միայն՝ Ալիևը, այլև՝ Պուտինը:

Ընդ որում, քննությունը «նշանակված է» ոչ թե՝ միջազգային «լսարանում», այլ՝ Պուտինի աշխատասենյակում: Իսկ ո՞ւմ պետք է հանձնեն քննությունն Ալիևն ու Պուտինը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ու ֆրանսիացի համախագահներին, որոնք նույնպես ներկա են գտնվելու հանդիպմանը: Ակնհայտ է, որ խնդիրն այս հարթության մեջ դիտարկելու դեպքում ի սկզբանե պետք է արձանագրել, որ Ալիևն ու Պուտինը միասնաբար «կտրվելու» են քննությունից, այսինքն` փորձելու են տապալել Վիեննայի պայմանավորվածությունները: Խաղաղության հաստատմանն ուղղված պայմանավորվածությունները:

Իսկ խաղաղության հաստատմանն ուղղված պայմանավորվածությունների տապալման նպատակը կարող է լինել միայն պատերազմելու, ավելի անկաշկանդ պատերազմելու և «չբռնվելու» հնարավորությունը: Մեծ հաշվով, հենց այդ խնդիրն են փորձելու լուծել Ալիևն ու Պուտինը Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ: Հասկանալի է, որ իրերի նման դասավորության պարագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի արևմտյան համանախագահները Սերժ Սարգսյանի հետ նույն «թիմում» են լինելու, քանի որ նրանց նպատակներն ու շահերը համընկնում են` հնարավորինս արագ հասնել մոնիտորինգային մեխանիզմի կիրառմանը: Բայց ակնհայտ է նաև այս հանդիպման մասնակիցների «քաշային» տարբերությունը: Ադրբեջանական «կողմում» լինելու է Ռուսաստանի նախագահ Պուտինը, հայկական կողմում՝ թեկուզև Պուտինի կողմից գերտերություն ճանաչված ԱՄՆ-ի ու եվրոպական առաջատարներից մեկի` Ֆրանսիայի ներկայացուցիչները, սակայն՝ ոչ նախագահները:

Այդ առումով քննությունը չհանձնելու կամ քննությունից «թռնելու» Ալիևի շանսերը շատ ավելի մեծ են, քան հավանականությունը, որ Սանկտ Պետերբուրգում Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն: Ալիևի քննությունը, փաստորեն, քննություն կարող է դառնալ նաև հայկական կողմի համար: Ոչ թե՝ հանդիպման ընթացքում` նախագահական ընդունելությունների սրահում, այլ՝ ղարաբաղաադրբեջանական սահմանային խրամատում:

Տեսանյութեր

Լրահոս