Արդյոք երեք նախագահների հանդիպումից առաջ հնարավո՞ր են սրացումներ շփման գծում

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ ի պատասխան 168.am-ի այն հարցի, թե հունիսի 20-ին կայանալիք երեք նախագահների հանդիպմանն ընդառաջ շփման գծում սրացումներ կանխատեսո՞ւմ է, նշեց, որ այս պահին Ադրբեջանը գործողությունների չի դիմի՝ հաշվի առնելով ոչ թե հանդիպումը, այլ «Ֆորմուլա 1»-ին՝ իրենց մոտեցումը.

«Միջազգային հանրության մոտ իրենք արդեն մայիսի 16-ից հետո սկսել են ձևավորել մի պատկերացում, թե իբր ադրբեջանական կողմը պատրաստ է խաղաղ լուծումների, իրենք խաղաղ լուծումներ են ուզում, և հայկական կողմն է, որ չի ցանկանում: Նրանք նշում են, թե բոլոր հայ քաղաքական գործիչներն ասում են՝ պետք է զինվել, պետք է հողերը վերադարձնել, իրենք դա տարածում են, ու ոնց որ թե շատ ու շատ եվրոպական գործընկերներ փորձում են ամեն անգամ ներքին հանդիպումներին մատնանշել սրա մասին՝ նշելով, թե իրենք ունեն ձևավորված ինչ-որ վստահության առաջին նշանները, որ Ադրբեջանն այլևս կողմնակից է խաղաղ բանակցությունների, այլ ոչ թե ռազմական գործողությունների: Քանի որ այս ամենը ձևավորել են, ինձ թվում է՝ մինչև հանդիպումն էլ կունենանք նույն իրավիճակը»:

Պատգամավորի խոսքով՝ հայկական կողմը հասկանում է, որ Ադրբեջանը չունի ցանկություն՝ խաղաղ լուծելու. «Հատկապես հիմա իրենք շատ են նշում, թե՝ տեսեք՝ ինչ հաջողությունների ենք հասել, այլևս մենք ինքներս ապացուցեցինք, որ Հայաստանի զինված ուժերի այն իմիջը, թե իրենք ավելի ուժեղ են, այդպես չէ, մենք հիմա ուժեղ ենք, կարողանում ենք ինքներս մեր առջև դրված խնդիրները ռազմական ձևով լուծել, և այս ամենը ցույց է տալիս, որ մեր թշնամին Ադրբեջանն է, ու պետք է կարողանանք ինքներս զբաղվել մեր «տնային աշխատանքով»»: Խոսքը, ըստ Թ. Պողոսյանի՝ բանակի արդիականացման, բանակում եղած խնդիրների լուծման մասին է:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով մեկնելու է Սանկտ Պետերբուրգ, որտեղ նախատեսվում է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ Նախագահի առանձնազրույց և եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև:

Տեսանյութեր

Լրահոս