
Ժոզե Մոուրինիոն ուզում է, որպեսզի Ռայան Գիգզը հեռանա «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբից

Պորտուգալացին չի վստահում «Կարմիր սատանաների» լեգենդին:
Ժոզե Մոուրինիոն հաղորդել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանն այն մասին, որ չի ուզում Ռայան Գիգզին որպես օգնական տեսնել մարզչական շտաբում: Ըստ մանկունյանցիների նոր գլխավոր մարզչի կարծիքի՝ Գիգզը ծանր ժամանակներում իրեն հեռու է պահել Դևիդ Մոյեսից և Լուի Վան Գալից:
Բացի այդ, Մոուրինիոյին դուր չի գալիս վալիացու մոտ ընկերությունը նախկին թիմակից Փոլ Սքոուլզի հետ, ով կարիերայի ավարտից հետո դարձել է հեռուստափորձագետ և խիստ քննադատության է ենթարկել պորտուգալացու նախորդների գործունեությունը:
Ինչպես հաղորդում է The Times-ը, այս ամենին ավելացրած՝ Մոուրինիոն հույս ունի տեսնել իր օգնականների մեջ բացարձակ աջակցության, իսկ Գիգզի մեջ նա տեսնում է մրցակցի, ով հետագայում կարող է հավակնել գլխավոր մարզչի պաշտոնին:
Ռայան Գիգզը 1988 թվականից անընդհատ գտնվում է «Մանչեսթեր Յունայթեդի» համակարգում:
Մոուրինոն գլխավորել է ակումբը մայիսի վերջին՝ փոխարինելով Լուի Վան Գալին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը