Վարչապետն ընդունել է Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհրդի պատվիրակությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում ԱԶԲ-ի գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալը:
Վարչապետը, ողջունելով հյուրերին և գոհունակություն հայտնելով երկկողմ համագործակցության կապակցությամբ, նշել է. «Արդեն ավելի քան 10 տարի է, ինչ համագործակցում ենք Ասիական զարգացման բանկի հետ: Այդ 10 տարվա ընթացքում բանկի կողմից բազմաթիվ ծրագրեր են իրականացվել Հայաստանում, տարեցտարի ընդլայնվել է Հայաստանի ծրագրերի պորտֆելը: Միայն սուվերեն ծրագրերի մասով 1 միլիարդ ԱՄՆ դոլարին հասնող ու 3 տասնյակից ավելի գործառնությունների շրջանակում միասնական ջանքերի շնորհիվ կարևոր ու լայնածավալ ծրագրեր ենք կյանքի կոչել էներգետիկ, տրանսպորտային ու ջրային ենթակառուցվածքների ոլորտներում, բիզնեսի ու ներդրումների խթանման և այլ բնագավառներում: Բոլոր ծրագրերը շոշափելի ներդրում են ունեցել մեր երկրի տնտեսական աճի ու զարգացման հեռանկարի, ինչպես նաև ծառայությունների մատուցման մակարդակի բարձրացման, բնակչության կյանքի որակի բարելավման տեսանկյունից»:
Վարչապետն անդրադարձել է Հայաստանում վերջին շրջանում արձանագրված տնտեսական զարգացման միտումներին և նշել, որ անգամ արտաքին տնտեսական անբարենպաստ միջավայրի պայմաններում կառավարության ձեռնարկած արդյունավետ քայլերի շնորհիվ հնարավոր է դարձել խուսափել ոչ ցանկալի զարգացումներից և 2015 թ. եզրափակել 3 տոկոս տնտեսական աճով, արտահանման շուկաների որոշակի դիվերսիֆիկացմամբ և ֆինանսական կայունության պահպանմամբ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ 2016 թ. առաջին 5 ամսվա համար տնտեսական ակտիվությունը կազմել է 6 տոկոս, ինչին նպաստել են ծառայությունների, արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի աճերը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է հետևողական քայլերը` երկրի առջև ծառացած տնտեսական մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ, և այս առումով կարևորել ՀՀ-ում մասնավոր հատվածի համար հավասար մրցակցային պայմանների բարելավումը՝ անհրաժեշտ համարելով այդ գործընթացում, ինչպես նաև մեր երկրում բարեփոխումների իրականացման օրակարգի մշակման գործում նաև ԱԶԲ-ի փորձագիտական ու խորհրդատվական աջակցությունը:
ԱԶԲ-ի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գրասենյակի գործադիր տնօրեն Ժոնգվինգ Վանգը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության և համատեղ ծրագրերին տրված գնահատականի, ՀՀ տնտեսության համապարփակ ներկայացման համար և նշել, որ առաջին անգամ են նման ներկայացուցչական պատվիրակությամբ այցելում Հայաստան:
«Թույլ տվեք մեր պատվիրակության անունից շնորհավորել ՀՀ կառավարությանը՝ վերջին տարիների ընթացքում Հայաստանում գրանցված սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքների և հատկապես 2015 թ. և 2016 թ. առաջին 5 ամսվա ընթացքում արձանագրված առաջընթացի համար: Ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, որ ԱԶԲ-ն լինելու է ձեր գործընկերը, և մենք շարունակելու ենք օժանդակությունը Հայաստանին»: Նա բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը և ԱԶԲ-ի անունից ավելի շատ աջակցություն տրամադրելու պատրաստակամություն հայտնել: Պարոն Վանգն անդրադարձել է ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև 2014-2018 թթ. համագործակցության ռազմավարության առաջնահերթություններին և նշել, որ բանկի թիմը սերտորեն համագործակցում է Հայաստանի իր գործընկերների հետ: Նա տեղեկացրել է, որ Թբիլիսի-Երևան ճանապարհին պատվիրակությունը ծանոթացել է Մ6 մայրուղու՝ լայն թափով ընթացող շինարարական աշխատանքներին, այցելել է նաև դպրոցների սեյսմակայունության ծրագրի թեկնածու դպրոցներից մեկը, հանդիպել աշակերտներին և ուսուցիչներին և իրենց գոհունակությունն են հայտնում աշխատանքների ընթացքի կապակցությամբ: Անդրադառնալով Հայաստանի բարեփոխումների օրակարգին՝ պարոն Վոնգը նշել է, որ ԱԶԲ-ն պատրաստակամ է ոչ միայն ֆինանսական, այլև փորձագիտական աջակցություն տրամադրել մեր երկրին և ծառայություններ մատուցել: Նրա խոսքով՝ ԱԶԲ-ն հատուկ շեշտադրում է կատարում պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացման վրա և պատրաստ է աջակցել մասնավոր հատվածի զարգացմանը պետություն-մասնավոր հատված գործընկերության միջոցով:
Իր հերթին ԱԶԲ-ի՝ Հայաստանը ներկայացնող խմբի գործադիր փոխտնօրեն Մարիո Դի Մայոն նշել է, որ իր համար բարձր պատիվ է ներկայացնել Հայաստանը ԱԶԲ-ի տնօրենների խորհրդում, և ինքը կգործադրի առավելագույն ջանքերը երկկողմ գործակցությունը խորացնելու համար: Պարոն Դի Մայոն բարձր է գնահատել ՀՀ կառավարության հմուտ մակրոտնտեսական կառավարումը արտաքին տնտեսական բարդ մարտահրավերների պայմաններում և նշել, որ առկա են մեծ հնարավորություններ՝ ՀՀ-ԱԶԲ արդյունավետ համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու համար:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է ԱԶԲ-ի հետ իրականացվող և քննարկվող բոլոր ծրագրերն ու նախագծերը մեր երկրի տնտեսության զարգացման տեսանկյունից՝ նշելով, որ դրանք գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ի տնօրենների խորհրդի պատվիրակությանը Հայաստան այցելելու համար և վերահաստատել ՀՀ կառավարության՝ բանկի հետ գործընկերությունը շարունակելու և խորացնելու պատրաստակամությունը: