«Ապրիլյան դեպքերը ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար նոր մոտեցումների որդեգրման անհրաժեշտության լրջագույն ազդակ էին»
Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ողջունելով ներկաներին հանձնաժողովի անդրանիկ նիստի կապակցությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «2015 թ. մարտի 25-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք ռազմարդյունաբերական համալիրի մասին, որի նպատակը Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի կայուն, համակարգված, իրավական, տնտեսական, սոցիալական, ինչպես նաև գիտական, գիտատեխնիկական կադրային քաղաքականության հիմքերի ստեղծումն է:
Հարգելի´ գործընկերներ, ՀՀ և ԼՂՀ սահմանում տիրող ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը և հատկապես ապրիլյան դեպքերը ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար նոր մոտեցումների որդեգրման անհրաժեշտության լրջագույն ազդակ էին: Մեր առաջնային խնդիրների մեջ միշտ առանձնացրել և կարևորել ենք մեր սահմանների պաշտպանության և երկրի անվտանգության հուսալի ապահովումը:
Այս կենսական խնդրի լուծման գործում չափազանց կարևոր է նորարարական տեխնոլոգիաների, գիտության նվաճումների վրա խարսխված ռազմարդյունաբերական համալիրի վերազինումը և հետագա կայուն զարգացումը, ինչը կնպաստի պետության ռազմատեխնիկական քաղաքականության պատշաճ կենսագործմանը: Ռազմարդյունաբերական կենսագործունեության սուբյեկտների շարքում իր ուրույն տեղն ունի ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովը: Հանձնաժողովի խնդիրը ոլորտի զարգացման նպատակով առաջարկությունների մշակումը և ՀՀ կառավարություն ներկայացնելն է: Հանձնաժողովն ամեն ջանք պետք է գործադրի երկրի պաշտպանունակության զարգացման գործում իր նշանակալի ներդրում ունենալու համար»:
Նիստում ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի քարտուղարի պաշտոնում հաստատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի թեկնածությունը: Հաստատվել են նաև Հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի ենթահանձնաժողովների նախագահների թեկնածությունները: Մասնավորապես, ՀՀ ԿԳՆ ԵՊՀ առաջատար գիտաշխատող, թաղանթների ձևավորման գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Էռնեստ Նազարյանը նշանակվել է մեքենաշինության ենթահանձնաժողովի, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը՝ ֆիզիկայի և ռադիոէլեկտրոնիկայի ենթահանձնաժողովի, ՀՀ ԳԱԱ քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ «Ա.Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը՝ քիմիայի և կենսաբանության ենթահանձնաժողովի, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ ուսումնական դեպարտամենտի տնօրեն, ՀՀ ԿԳՆ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վազգեն Մելիքյանը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ենթահանձնաժողովի և «Ձեռնարկատիրական ինկուբատոր» հիմնադրամի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր Բագրատ Ենգիբարյանը՝ նորարարական տեխնոլոգիաների ենթահանձնաժողովի նախագահներ:
Հաջորդիվ Դավիթ Փախչանյանը ներկայացրել է ՀՀ ռազմարդյունաբերության հետագա զարգացման, մասնավորապես «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը: Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, հանձնաժողովի անդամներն իրենց նկատառումներն են ներկայացրել և հանդես են եկել առաջարկություններով: Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է փաստաթուղթը ևս մեկ անգամ քննարկել շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ և լրամշակված տարբերակը ներկայացնել հանձնաժողովին: