ՀՀ ԿԲ-ի և Հարվարդի համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է կնքվել

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկը Հարվարդի համալսարանի Ռուսական և Եվրասիական Ուսումնասիրությունների Դեվիս Կենտրոնի հետ հուլիսի 15-ին կնքել է Փոխըմբռնման հուշագիր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը և Դեվիս կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդրա Վաքրուն: Հուշագրի համաձայն, ՀՀ ԿԲ-ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը յուրաքանչյուր տարի կհյուրընկալի Հարվարդի համալսարանի 3-4 ուսանողների, որոնք իրենց պրակտիկայի շրջանակում կիրականացնեն Հայաստանի ու տարածաշրջանի վերաբերյալ հերազոտություններ:

Հարվարդի համալսարանի և Կենտրոնական բանկի այս գործակցությունն սկսել է 3 տարի առաջ, և այժմ հուշագրով այն ամրապնդվում ու երկարաժամկետ համագործակցության է վերածվում:

Նույն հուշագրով, իր հերթին Հարվարդի համալսարանը տարեկան կհյուրընկալի ՀՀ ԿԲ-ի 2 աշխատակիցների՝ ֆինանսների, մակրոտնտեսագիտության, հանրային կառավարման բնագավառներում ակադեմիական հետազոտություններ իրականացնելու նպատակով:

Այս հուշագիրը ՀՀ ԿԲ-ի և Հարվարդի համալսարանի գործակցության կարևորագույն ձեռքբերումն է: Այն հետազոտություններ իրականացնելու յուրօրինակ հնարավորություն կընձեռի ինչպես ԿԲ-ի աշխատակիցներին, այնպես էլ Հարվարդի համալսարանի ուսանողներին և էապես կնպաստի գիտելիքների ձեռքբերմանը, հետազոտական կարողությունների զարգացմանը և դրանց միջազգային փոխանակմանը: Հուշագիրը գիտելիքների կրկնապատկման և փոխանակման հարցում միջազգային պատրաստակամության լավագույն նմուշ է:

Տեսանյութեր

Լրահոս