ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքի կտրուկ աճ է արձանագրվել
Եվրամիությունում նոր ավտոմեքենաների վաճառքները 2016 թվականի մայիսին աճել են 16 տոկոսով. աճը շարունակվում է արդեն 33 ամիս անընդմեջ: Հունվար-մայիս ամիսների ընթացքում գրանցված նոր ավտոմեքենաների թիվը 2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել է 9,9 տոկոսով:
Ինչպես ասված է Ավտոարտադրողների եվրոպական ընկերակցության (ACEA) հաղորդագրության մեջ, անցած ամսին Եվրամիության 27 երկրներում (առանց Մալթայի հաշվառման, որի վերաբերյալ տվյալները բացակայում են) գրանցվել է 1,29 մլն նոր ավտոմեքենա՝ մեկ տարի առաջվա 1,17 միլիոնի դիմաց: Այսպիսով, Եվրոպայում նոր ավտոմեքենաների վաճառքները գրեթե վերադարձել են 2008 թվականի մայիսի մինչճգնաժամային մակարդակ:
Ավտոմեքենաների վաճառքները տարածաշրջանում, Իսլանդիայի, Նորվեգիայի եւ Շվեյցարիայի հաշվառմամբ, անցած ամսին ավելացել են 15,5 տոկոսով՝ մինչեւ 1,33 մլն ավտոմեքենա:
Երկու շաբաթ առաջ ACEA-ն բարելավել է 2016 թվականի կանխատեսումը, այժմ սպասվում է, որ վաճառքները կաճեն 5 տոկոսով, այլ ոչ թե 2 տոկոսով:
Աճ են արձանագրել ԵՄ-ի բոլոր առաջատար երկրները, առաջատարներն են դարձել Իտալիան (+27,3 տոկոս), Ֆրանսիան (+22,3 տոկոս), Իսպանիան (+20,9 տոկոս): Գերմանիայում՝ Եվրոպայի խոշորագույն ավտոշուկայում, ավտոմեքենաների գրանցման ծավալներն ավելացել են 11,9 տոկոսով՝ մինչեւ 315,921 հազար:
Մեծ Բրիտանիայում վերելքը համեմատաբար փոքր է եղել՝ 2,5 տոկոս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: