Արցախում կներդրվի նոր պատվաստանյութ

Այս տարվա հուլիսի 1-ից Արցախում կներդրվի նոր՝ Ինակտիվացված պոլիոմիելիտի պատվաստանյութ:

Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԼՂՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ-համաճարակաբան Կարինե Բալայանը` հավելելով , որ այս տարվանից աշխարհում եռավալենտ պոլիոմիելիտի պատվաստանյութի փոխարեն, սկսել են կիրառել այդ նոր` եռավալենտ պատվաստանյութը:

Նոր պատվաստանյութը կկիրառվի մկանային ներարկման եղանակով` նախատեսված է այս տարվա հունվարի 1-ից հետո ծնված 24 շաբաթական և բարձր տարիքի երեխաների համար: Նոր պատվաստանյութի ներդրումը կիրականացվի 2 փուլով ՝ սկզբում 1 դեղաչափով` մինչ այժմ կիրառվող պատվաստանյութի հետ միասին, իսկ այնուհետև 2018 թվականից ամբողջ աշխարհում կիրառման մեջ կդրվի միայն Ինակտիվացված պոլիոմիելիտի պատվաստանյութը:

Դեռևս 2012 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է պոլիոմիելիտի արմատական վերացման մասին՝ որպես գլոբալ արտակարգ վիճակ հանրային առողջության համար:

Պոլիոմիելիտը հպավարանցիկ վիրուսային հիվանդություն է, որն արագ տարածվում է փոխանցվելով շփման միջոցով: Վիրուսն ախտահարում է նյարդային համակարգը և կարող է առաջացնել կայուն կաթված:

Նախատեսված ծրագրի համաձայն առաջարկվել է ժամանակի ընթացքում աշխարհում դադարեցնել այդ հիվանդությունը կանխարգելող եռավալենտ պատվաստանյութի կիրառումը, քանի որ, այն որոշ ռիսկեր է պարունակում:

Այսօր Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում, Արցախի առողջապահության համակարգի համապատասխան օղակների բուժաշխատողներին իրազեկելու համար սեմինար են անցկացրել ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»- ի ներկայացուցիչներ` Ալմաստ Հարոյանն ու Բրիջիտա Սիմոնյանը: Նրանք ներկայացրել են պոլիովիրուսի փոխանցման մեխանիզմները, պոլիոմիելիտ հիվանդությունը, պոլիոմիելիտի արմատական վերացման գլոբալ առաջընթացը, իրականացվող պատվաստումները, ինչպես նաև յուրաքանչյուր պատվաստանյութի ռիսկերն և առավելություններ, նոր պատվաստանյութի ներդրման վերաբերյալ փորձագետների հիմնավորումները:

Կենտրոնի մանկաբույժ Բրիջիտա Սիմոնյանի խոսքով՝ չնայած Հայաստանում և Արցախում 1999 թվականից ի վեր պոլիոմիելիտ հիվանդության դեպքեր չեն գրանցվել, սակայն այդ հիվանդության նկատմամբ մարդկանց անընկալության մակարդակի բարձրացման ուղղությամբ միջոցառումները պետք հետևողականորեն շարունակվեն:

Մասնագետը նշել է, որ աշխարհում նախկին պատվաստանյութի կիրառման ընթացքում հետպատվաստումային շրջանում տեղի են ունեցել անցանկալի դեպքեր` մասնավորապես կաթված, իսկ նորն առավել անվտանգ է ու արդյունավետ`պոլիոմիելիտի կանխարգելման համար :

Իր հերթին, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»- ի պատվաստանյութերի բաժնի պետ Ալմաստ Հարոյանը տեղեկացրել է, որ նոր պատվաստանյութը եվրոպական արտադրության է և առաջիկա շաբաթվա ընթացքում կառաքվի Արցախ, որտեղ առկա են համապատասխան սառնարանային պայմաններ և սարքավորումներ դրա պահպանման համար: Ա. Հարոյանի խոսքով՝ Արցախի առողջապահության համակարգի համապատասխան օղակների բուժաշխատողները հիմնավորապես տիրապետում են նոր պատվաստանյութի պահպանման և կիրառման առանձնահատկություններին:

Սեմինարին ներկա էին ԼՂՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը, մանկաբույժներ, համաճարակաբաններ և վակցինատորներ:

Տեսանյութեր

Լրահոս