«Մենք էլ ենք հորդորում, որ բոլորս հարգանքով վերաբերվենք». Վահրամ Բաղդասարանը՝ Զախարովային
«Երբ այդ տողերը կգտնեք, ես ներողություն կխնդրեմ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հերքելով, թե ինքն ասել է, թե Գարեգին Նժդեհի կենսագրության հետ կապված նյութեր են պատրաստվում ուղարկել ՌԴ ԱԳՆ-ին:
Նա նշեց, որ նյութերը բազմիցս են պատրաստվել, «նյութերը ոչ թե գնացքով կամ ինքնաթիռով են ուղարկվում, սայթերով գնացել են». «Մենք հորդորում ենք, որ բոլորը ծանոթանան այդ կենսագրության հետ, որովհետև Նժդեհի կենսագրությունն անխոցելի է, այդ կենսագրությունը հայ ազգի համար անխոցելի է»:
Հիշեցնենք, որ օրերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել էր Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմանը՝ ասելով. «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ»:
Այսօր 168.am-ի հետ զրույցում Մ. Զախարովան ասել է, որ այլևս չի ցանկանում այդ մասին հարց լսել ու մեկնաբանել: «Ես կարծում եմ, որ մենք պետք է հարգենք միմյանց և հասկանանք, որ կան զգայուն հարցեր՝ ինչպես՝ Հայաստանի, այնպես էլ՝ Ռուսաստանի համար, և միայն փոխադարձ հարգանքը մեր պատմության նկատմամբ բարեկամական հարաբերությունների այն հիմքն է, որը կա մեր երկրների միջև, այդ հարաբերությունները մշտապես առանձնացել են: Ուստի մենք պետք է հարգենք մեր երկրների պատմությունը և վերաբերվենք դրա զգայուն կողմերին հարգանքով: Եթե կան հարցեր, պետք է դրանք լուծել կառուցողականորեն»,- ասել է նա:
Վ. Բաղդասարյանը դա համարում է դիվանագիտական պատասխան՝ նկատելով. «Մենք էլ ենք հորդորում, որ բոլորս հարգանքով վերաբերվենք, բայց դա չի նշանակում, որ իրենք մեր ազգի մեծերի նկատմամբ պետք է անձնական կարծիքներ հայտնեն՝ առանց ուսումնասիրություններ կատարելու»: