«Պետք է հարգենք մեր երկրների պատմությունն ու դրա սկզբունքային կողմերը». Զախարովան չի ցանկանում մեկնաբանել Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը
«Մենք պետք է հարգենք միմյանց»,- 168.am-ի հետ զրույցում նման կոչով հանդես եկավ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Հիշեցնենք, որ օրերս Զախարովան անդրադարձել էր Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմանը: Նա մասնավորապես ասել էր. «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ»: Նրա դիտարկումներին անդրադարձել էին իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել էր, որ Նժդեհի կենսագրության մասին նյութեր են ուղարկվել ՌԴ ԱԳՆ, որպեսզի ռուս գործընկերներն ավելի լավ ծանոթ լինեն Նժդեհի կենսագրությանը:
Հարցին, թե ստացե՞լ է արդյոք Գարեգին Նժդեհի կենսագրության մասին նյութերը, որոնք ՌԴ ԱԳՆ-ի համար նախապատրաստել էին իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները, Մարիա Զախարովան պատասխանեց, թե այլևս չի ցանկանում դրա մասին հարց լսել ու մեկնաբանել: «Ես կարծում եմ, որ մենք պետք է հարգենք միմյանց և հասկանանք, որ կան զգայուն հարցեր ինչպես՝ Հայաստանի, այնպես էլ՝ Ռուսաստանի համար, և միայն փոխադարձ հարգանքը մեր պատմության նկատմամբ բարեկամական հարաբերությունների այն հիմքն է, որը կա մեր երկրների միջև, այդ հարաբերությունները մշտապես առանձնացել են: Ուստի մենք պետք է հարգենք մեր երկրների պատմությունը և վերաբերվենք դրա զգայուն կողմերին հարգանքով: Եթե կան հարցեր, պետք է դրանք լուծել կառուցողականորեն»,- ասաց նա:
Պնդմանը` թե արդյո՞ք կենսագրական նյութեր չեն ստացել, Զախարովան արձագանքեց՝ կրկնելով, որ Հայաստանի համար կան հարցեր, որոնք սկզբունքային նշանակություն ունեն իր համար, և Ռուսաստանը մշտապես աջակցել է Հայաստանին այդ սկզբունքային հարցերում: «Ձեզ ծանոթ է մեր դիրքորոշումը, դա որևէ քաղաքական կոնյունկտուրայի ենթակա չէ: Մենք երկար տարիների ընթացքում դա ցույց ենք տվել: Այդպես էլ Ռուսաստանի համար կան զգայուն հարցեր` սկզբունքային բնույթի: Կարծում եմ՝ փոխադարձ հարգանքը գրավականն է այն բանի, որ մեր հարաբերությունները, համագործակցությունը կշարունակվի դարերով»,- շեշտեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Մարիա Զախարովայի հետ ամբողջական հարցազրույցը՝ ավելի ուշ: