Ստեփան Մնացականյանի պատասխանը՝ Արմեն Ալավերդյանին

«Ոչինչ չեմ կարող ասել, որովհետև նման բան չկա և չի էլ կարող լինել: Վիճակագրական ծառայությունն ի՞նչ կապ ունի հարկային խախտումների հետ: Դա հարկային մարմնի, այսինքն՝ վարչական գործառույթ իրականացնող մարմնի խնդիրն է»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային վիճակագրական ծառայության տնօրեն Ստեփան Մնացականյանը՝ անդրադառնալով ներմուծման հաշվապահական փաստաթղթերի շուրջ սխալ վիճագրության հետ կապված խնդրին:

ԱՎԾ տնօրենն ասաց, որ պետական բյուջեի եկամուտները և ծախսերը ստանում են գանձապետարանից: «Վարչական հաշվառման լիազորությունները պատկանում են ՀՀ ֆինանսների նախարարության պետական գանձապետարանին: Պետական բյուջեի բոլոր մուտքերը՝ կլինի դա մաքսային մարմնի՞ միջոցով, թե՞ պարզապես հարկային մարմնի միջոցով, կատարյալ վարչական ռեգիստր է, գանձապետարանն է, որ բոլոր մուտքերը, այդ թվում՝ նաև ծախսերը, իրականացնում է մանրակրկիտ հաշվառում՝ ըստ օրենքով սահմանված հոդվածների: Եվ դա դուրս է վիճակագրական գործառույթներից: Մենք ստանում ենք ամփոփ տվյալները, հրապարակում և ներկայացնում հանրությանը»,- ասաց Ստեփան Մնացականյանը:

Հարցին` այդ դեպքում ինչո՞ւ է ՊԵԿ փոխնախագահն ԱՎԾ-ին վկայակոչում, նա պատասխանեց, որ այդ հարցը պետք է ՊԵԿ փոխնախագահին ուղղել:

Տեսանյութեր

Լրահոս