«Ինչո՞ւ ՀՕՊ համաձայնագիրը չմտավ արտահերթ նիստի օրակարգ». պարզաբանում է Արտակ Զաքարյանը

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն այսօրվա քննարկման ժամանակ նշեց, որ ՀՕՊ համաձայնագիրը վաղուց էր ԱԺ օրակարգում, իսկ արտահերթ նիստի օրակարգ չի մտել, որովհետև կառավարության կողմից չի ներկայացվել՝ որպես արտահերթ նիստում քննարկվող խնդիր. «Հիմա, եթե արտահերթ նիստում քննարկեինք, կասեին ՝ ուրեմն մի բան կա, բերեցին արագացված ռեժիմով արտահերթում անցկացնեն, որ ժողովովրդի ուշադրությունը շեղեն: Ոչ, նման խնդիր չկա»:

Ինչ վերաբերում է համաձայնագրին, ապա, նրա կարծիքով՝ փաստաթուղթն օբյեկտիվ է ու բխում է ՀՀ շահերից: «Պետք է քննարկել կոնկրետ փաստաթուղթը, այլ ոչ՝ այն, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ով ինչպես իրեն պահեց: Մենք տեսանք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ունեինք մեկ հենարան, դա Հայաստանի ազգային բանակն էր, և արտաքին քաղաքական միջավայր, որը ոչ այդքան համարժեք էր վերաբերվում այդ զարգացումներին, որքան ցանկալի էր, որ լինի: Բայց, անկախ ամեն ինչից, դրանով հայ-ռուսական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցությունը չի դադարում, ընդհակառակը՝ մենք պետք է նաև կարողանանք հետևություններ անել և հասկանալ, որ մեր անվտանգային միջավայրը շարունակաբար ամրացնելու, ավելի կայուն, պաշտպանունակ դարձնելու կարիք ունենք»,- նշեց պատգամավորը՝ հավելելով՝ ինչքան Հայաստանը ռազմատեխնիկական միջոցներ շատ ունենա, այնքան ավելի շատ է Ադրբեջանը փորձելու իր ռազմական կարողությունները կիրառել Հայաստանի և ԼՂՀ-ի անվտանգության դեմ.

«Հետևաբար՝ այս փաստաթղթին պետք է նայել զուտ միայն այն տեսանկյունից, ինչ որ ասվում է համաձայնագրում: Իսկ համաձայնագրով ոչ մի նոր բան չի ստեղծվում, գոյություն ունեցող համակարգն է՝ Հայաստանն ունի իր համակարգը, Ռուսաստանը՝ իր: Գոյություն ունեն խնդիրներ, որոնք կարելի է լուծել միայն համատեղ համակարգով՝ կոորդինացմամբ. ՌԴ-ն չի կարող այդ խնդիրը լուծել՝ առանց Հայաստանի հետ համագործակցության, իսկ Հայաստանը՝ առանց ՌԴ-ի: Հետևաբար՝ առաջացած բնական շահերի ու բնական հետաքրքրությունների տիրույթում անհրաժեշտություն է առաջացել բանակցել այս փաստաթղթի շուրջ, որն օդից չի ծնվել: Այս փաստաթուղթն առնվազն 2-3 տարի լուրջ բանակցային գործընթաց է անցել: Քննարկումներ են եղել, կանխատեսվել են նաև ապագայի հնարավոր սպառնալիքները, և ծնվել է այս փաստաթուղթը, որն օբյեկտիվ փաստաթուղթ է, ու դրա հիմնական նպատակն է՝ համատեղ գործողություններով կարողանալ համարժեք պատասխան տալ բոլոր այն սպառնալիքներին, որոնք օդային տարածքում կարող են ի հայտ գալ ինչպես՝ ՀՀ-ի, այնպես էլ՝ ՌԴ-ի համար: Բոլոր եղած մտահոգությունները ներառված են այդ փաստաթղթում, ուղղակի մարդիկ պետք է նեղություն քաշեն՝ կարդան»:

Ա. Զաքարյանը հավելեց նաև, որ տարածաշրջանային քաղաքական իրավիճակի առումով այս պայմանագրում լուծումներ է տեսնում, այլ ոչ՝ խնդիրներ. «Այս համաձայնագիրն ինքնին լուծում է, ոչ թե խնդիր: Լուծում է այն հարցի, որի ալտերնատիվ լուծումներ մենք այսօր չունենք: Այս համաձայնագրում գրված է, որ ժամկետը լրանալուց հետո այն կարող է դադարել, եթե կողմերը չեն ուզում շարունակել: Հետևաբար, թե որն է մտահոգությունը, ես օբյեկտիվորեն չեմ կարողանում հասկանալ, սուբյեկտիվորեն հասկանում եմ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս