ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը ներկայացվել է Հովիկ Աբրահամյանին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը, որին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ԵՄ մի շարք ներկայացուցիչներ, փորձագետներ և շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մանրամասն ներկայացրել է ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը, փաստաթղթի հիմնական նպատակները, սկզբունքները և ակնկալվող արդյունքները: Դավիթ Լոքյանի խոսքով՝ ռազմավարության հիմնական նպատակն է բոլոր մարզերի մրցունակության բարձրացումը՝ հիմք ընդունելով վերջիններիս ներքին պոտենցիալը, թույլ տալով առավել ընդարձակ ինտեգրումը ազգային ու միջազգային տնտեսությունների հետ, տարածքներում համաչափության բարձր մակարդակի ապահովումը` հատուկ ուշադրություն դարձնելով ամենաթույլ զարգացած տարածքներին ու սահմանամերձ համայնքներին: Ըստ նախարարի՝ ռազմավարության կարևորագույն նպատակներից է նաև ռեսուրսների կայուն օգտագործման վրա տարածքային զարգացման քաղաքականության ու գործելակերպերի բարելավումը զարգացման պլանավորման ու իրականացման գործընթացներում` տարածքային ու տեղական դերակատարների առավել ակտիվ մասնակցության ապահովման միջոցով:
Զեկուցվել է, որ կառավարության ներկայիս դիրքորոշումը տարածքային զարգացման վերաբերյալ ներկայացված է ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգում, որն ընդունվել է 2011թ.-ին: Հայեցակարգն ուղղված է տարածքների միջև զարգացման անհամաչափությունների հարթեցմանը և ազգային, մարզային ու տեղական իշխանությունների համար տեղերում կարողությունների ստեղծմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
Նախարար Դավիթ Լոքյանը տեղեկացրել է նաև, որ ռազմավարության նախագիծը համատեղ մշակվել է ԵՄ-ի հետ և ակնկալվում է, որ տարածքային զարգացման գործառնական առաջին ծրագիրը կմշակվի 2016-2017 և կիրականացվի 2017-2020 թթ.:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ներկայացված փաստաթուղթը, որի իրագործումը կնպաստի տարածքային համաչափ զարգացմանը: Վարչապետն ընդգծել է, որ համայնքների կայացմանը զուգահեռ պետք է կառավարության լիազորությունները ապակենտրոնացնել դեպի համայնքներ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ համայնքների ֆինանսական հնարավորությունները բավարար չեն համայնքային խնդիրները լուծելու համար, ինչը տնտեսական համաչափ զարգացման առումով խնդիր է: Այս համատեքստում, վարչապետ Աբրահամյանն անհրաժեշտ է համարել կառավարության, ինչպես նաև միջազգային կառույցների աջակցությունը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին կարևորել է Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը և ողջունել համայնքների զարգացմանն ուղղված կառավարության վարած քաղաքականությունը: ԵՄ դեսպանը նշել է, որ Եվրամիությունը այսուհետ ևս պատրաստ է լրացուցիչ ֆինանսական օժանդակություն տրամադրել Հայաստանին՝ տարածքային զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար: