
ԱԱԾ-ն Սուրիկ Խաչատրյանի մերձավորներին չի՞ գաղտնալսել

Արտակ Բուդաղյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է ուժի մեջ վճռաբեկ դատարանի որոշմամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթաքում ասաց Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ գործի քննության ընթացքում քննիչը որոշում էր ստացել, որով թույլատրվել էր գաղտնալսել Սուրիկ Խաչատրյանի մերձավորներին: Որոշումը ներկայացվել էր ԱԱԾ, որտեղից որոշ ժամանակ անց քննիչին տեղեկացրել էին, որ տեխնիկական պատճառներով հնարավոր չի եղել կատարել գաղտնալսումը:
«Մեր վարկածն այն է, որ գաղտնալսումներ տեղի են ունեցել, բայց դրա մեջ եղել է այնպիսի ինֆորմացիա, որն անհրաժեշտ էր գործի միջից վերացնել: Դրա համար գործում հայտնվեց տեղեկանք, որ գաղտնալսումները տեխնիկապես հնարավոր չէր իրականացնել»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ իր կոլեգաների շնորհիվ՝ հայտնաբերել է մի քանի քրեական գործեր, որոնցով այդ նույն ժամանակաշրջանում ԱԱԾ-ն տարբեր մարդկանց գաղտնալսել է: Փաստաբանն ասաց, որ այդ փաստերն ուղարկել է ԱԱԾ նորանշանակ տնօրենին՝ խնդրելով ծառայողական քննություն իրականացնել:
Փաստաբանն ասաց, որ Բուդաղյանների ընտանիքի դժբախտություններն Արա Բուդաղյանին կալանավորելով չեն սկսվել. դրանք սկսվել են 2013թ. հունիսի 1-ին, երբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտակայքում սպանվեց Ավետիք Բուդաղյանը, ծանր մարմնական վնասվածք ստացավ Արտակ Բուդաղյանը: Նրա խոսքով՝ մինչ այսօր որևէ մեկը քրեական պատասխանատվություն դրա համար չի կրել: Նրանց իրավունքների վերականգնման համար պայքարը շարունակվում է: