«Ես չգիտեմ՝ Սուրիկ Խաչատրյանի գործոնը որքանով է դեր խաղացել, որ լրիվ անմեղ մարդը 11 ամիս գտնվել է անազատության մեջ». Հայկ Ալումյան
«Արա Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց նրա գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով: Այսինքն՝ քննչական մարմինը փաստեց, որ Արա Բուդաղյանն ընդհանրապես ոչ մի կապ չունի Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա անցյալ տարի մայիսի 20-ին տեղի ունեցած կրակոցների հետ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ իրենց հիմնական խնդիրը ոչ թե քննչական մարմինն էր, որն Արա Բուդաղյանին կասկածում էր հանցավոր արարք կատարելու համար, այլ դատարանները, որոնք առանց որևէ հարցում խորանալու՝ կալանավորում են մարդկանց:
«Մեր դատական համակարգն է գլխավոր մեղավորը, որ Արա Բուդաղյանը 11 ամիս գտնվեց անազատության մեջ»,- ասաց Հայկ Ալումյանը: Պատասխանելով Սուրիկ Խաչատրյանի գործոնին՝ Հայկ Ալումյանն ասաց. «Ես չգիտեմ՝ Սուրիկ Խաչատրյանի գործոնը որքանով է դեր խաղացել, որ լրիվ անմեղ մարդը 11 ամիս գտնվել է անազատության մեջ»:
Հայկ Ալումյանի խոսքով՝ իր մոտ տպավորություն է, որ վարկածը, որ տեղի ունեցածը հանցագործության նմանակում է եղել, շատ մակերեսորեն է քննարկվել: «Բավարարվել են նրանով, որ, ինչպես կարող էր սպանության իմիտացիա լինել, երբ ամբողջ գնդակներն ուղղված էին հենց ավտոմեքենայի սրահի մեջ, որ այսպիսի իմիտացիա չի լինում, եթե մարդ ուզի սպանության իմիտացիա անել, այսպես չի անի: Ես չգիտեմ իրականությունը: Այսօր երևի քիչ մարդիկ կան, ովքեր գիտեն իրականությունը: Ուղղակի ես միշտ ասել եմ, որ չի կարելի բացառել, որ սա սպանության իմիտացիա է եղել»: