«Եթե այսպես գնանք, հաջորդ փուլում խոշորացնելու ենք Հայաստանի Հանրապետությունը՝ դարձնելով Երևան համայնք՝ իր հարակից բնակավայրերով». Նիկոլ Փաշինյան

Այսօր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նիստի ժամանակ անդրադառնալով Թումանյան, Դիլիջան, Տաթև խոշորացված համայնքների ծրագրի պիլոտային գաղափարին՝ նշեց, որ ստացվում է՝ «առանց համոզված լինելու՝ ուր ենք գնում, ճամփա ենք ընկել»:

Նա նկատեց, որ այդ ծրագրի գաղափարն այն էր, որ պետք է համայնքներում տեղի ունեցած գործընթացներից հետևություններ անեին և որոշեին հետագա քաղաքականությունը: «Բայց Դուք ինքներդ էլ նշում եք, որ մի քանի ամիս է անցել համայնքների խոշորացումից, և հիմա ստացվում է, որ մենք առանց համոզված լինելու՝ ուր ենք գնում, ճամփա ենք ընկել: Մենք չգիտենք, թե ինչի է բերելու այս ծրագիրը: Ստացվում է՝ սրանով ընդամենը կադրերի կրճատում ենք անում գյուղապետարանների աշխատողների, և ընդամենը պասիվ ձևով արձագանքում ենք մի շարք համայնքներում կամ բազմաթիվ համայնքներում բնակչության թվի կտրուկ նվազմանը: Ես ուզում եմ հետևյալ շեշտադրումն անել՝ ի վերջո, որտեղի՞ց վստահությունը, և Դուք կոնկրետ կարո՞ղ եք ասել, օրինակ,այս խոշորացումն ի՞նչ է մեզ տալու՝ համայնքների բնակչության թվի աճի առումով, որովհետև մենք հիմա արձագանքում ենք այդ համայնքներում բնակչության թվի նվազումը, եթե մենք այսպես գնանք, հաջորդ փուլում մենք խոշորացնելու ենք Հայաստանի Հանրապետությունը՝ դարձնելով Երևան համայնք՝ իր հարակից բնակավայրերով»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ հունիսի 14-ին կառավարության նիստերի դահլիճում քննարկումների ընթացքում Բարեկամավան համայնքի ղեկավարի ելույթին արձագանքելով՝ Տավուշի մարզպետն ասել է՝ «դուռակ լակոտ ա»: Ն. Փաշինյանը հարց բարձրացրեց, թե արդյոք նախարարությունը պատրաստվո՞ւմ է համապատասխան քննություն կատարել և ճշտելու դեպքում՝ միջնորդել, որ կառավարությունը, վարչապետը մարզպետին նկատողություն անի Բարեկամավան գյուղի բնակիչների կողմից ընտրված գյուղապետի հասցեին նման արտահայտություն անելու համար:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն էլ ասաց, որ նիստի ընթացքում նման արտահայտություն չի լսել: Միաժամանակ նա նշեց, թե ցավում է, որ նման բան է տեղի ունեցել, որովհետև Բարեկամավանի գյուղապետն իրենց «ակտիվ, շահագրգիռ, երիտասարդ» գյուղապետերից մեկն է. «Ես տեղյակ չեմ դրանից, եթե մամուլում գրել են, ապա պետք է նայել: Վստահ եմ, որ և՛ վարչապետը, և՛ մյուս մեր պատկան մարմինները դրա մասին գիտեն, ըստ երևույթին, ինչ-որ բացատրություններ կլինեն: Համենայն դեպս, Բարեկամավանի գյուղապետի հետ հրապարակային մեր քննարկման ժամանակ որևէ այդպիսի բան ես չեմ տեսել: Շատ ցավում եմ՝ Բարեկամավանի գյուղապետը մեր գյուղապետերից մեկն է, և ոչ՝ ամենավատը, եթե նույնիսկ՝ վատը, ապա դա լրիվ այլ գնահատական է, քան այն, ինչ Դուք ասում եք»:

Կարդացեք նաև

Իսկ ինչ վերաբերում է համայնքների խոշորացման ծրագրի գաղափարին, ապա փոխնախարարը չհամաձայնեց Ն. Փաշինյանի դիտարկման հետ՝ ասելով, որ խոշորացումը նպատակ ունի կառավարման համակարգն ավելի արդյունավետ դարձնել: «Ասում եք՝ ի՞նչ արդյունքներ ունեք, արդյունքներ ունենք՝ ունենք շատ մեծ բյուջեներ՝ փոքր բյուջեների փոխարեն, ունենք խնայողություններ, որոնք կարող են ուղղվել ծրագրերի իրականացմանը, ունենք երեք խոշորացված համայնքներ, որտեղ իրականացվում են խոշորածավալ ծրագրեր, և իրենք իրենց միջոցներով կարողանում են նոր որակի աշխատանք կազմակերպել: Ես վստահ եմ՝ առաջընթացը կա և լինելու է»:

Տեսանյութեր

Լրահոս