«Էն երկրում, որտեղ ներդրումը պակասել է, ինչո՞ւ ես պարտք վերցնում». Արամ Մանուկյանը՝ 102 մլն եվրո վարկով ճանապարհ վերակառուցելու մասին
«Դուք աշխատում եք հոգնացնելու վրա, որ ասենք, ասենք, արհամարհեք, արհամարհեք, բերեք հերթական վարկերը: Էս կարգի անպատասխանատվություն սեփական երկրի նկատմամբ, էս կարգի անպատասխանատվություն եկող սերնդի նկատմամբ, անբացատրելի է, չի կարելի»,- այսօր Աժ արտահերթ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` խոսելով Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը վերակառուցելու համար Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած 102 մլն եվրո վարկի մասին:
Ա.Մանուկյանը նշեց, որ Հայաստանի պարտքն արդեն դարձավ 5 մլրդ 450 մլն դոլար, որն անցած տարվա հունվարի նկատմամբ ուղիղ 1 մլրդով ավելացել է: Ըստ նրա` 1 մլրդ դոլար պարտք է վերցրել` շատ սիրուն ծրագրեր իրականացնելու համար, բայց 7 տարի առաջ մեր պարտքը 1.5 մլրդ էր, այսինքն` ներկայիս իշխանության օրոք Հայաստանը 4.5 մլրդ դոլար պարտք է վերցրել. «Ո՞վ է ասում, թե լավ ծրագիր չի, բայց ո՞վ է էդ պարտքը փակելու: Եթե անգամ ծախսն արդյունավետ է, ո՞վ է վճարելու»: Նա հարցադրում արեց, թե ՀՀ պարտքն ավելացել է 3.5 անգամ, բայց մեր տնտեսությունը ի՞նչ առաջնահերթություններ ունի, ինչպե՞ս է զարգանալու, իսկ եթե չուենք այդ միջոցը, ինչի՞ ենք պարտք վերցնում:
«Ո՞րն է ռազմավարական այն ծրագիրը, որի արդյունքում Հայաստանում ներդրումներ են լինելու: Մի տարվա մեջ տասն անգամ ներդրումը պակասել է: Էն երկրում, որտեղ ներդրումը պակասել է, ինչո՞ւ ես պարտք վերցնում»,- ասաց պատգամավորը` նկատելով, որ Վրաստանում երկու անգամ ավելացել են ներդրումները:
«Էդ թունելները 100 տարվա թունելներ են, ու շատ ավելի լավ են աշխատում, քան ուշ կառուցվածները: Ներկայացնում եք լացակումած, հուզիչ` ճանապարհը վտանգավոր է: Էս ձեր Հյուսիս-Հարավի վրա ավելի շատ զոհ է եղել, ավելի շատ ավարիա է եղել, ավելի շատ կորուստ ու վնաս է եղել, քան եթե չսարքեիք»,- նշեց Ա.Մանուկյանը` հավելելով, որ իշխանության համար շատ լավ է վարկ բերելը, քանի որ անպատասխանատու գումար է, ինչքան կարողանում են, օգտվում են: