Պուտինը հունիսի 20-ին Պետերբուրգում Ղարաբաղի հարցը կքննարկի Սարգսյանի և Ալիևի հետ. Պուտինի օգնական

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին Պետերբուրգում առանձին հանդիպում կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, իսկ հետո տեղի կունենա եռակողմ հանդիպում Ղարաբաղի հարցի շուրջ: Այս մասին, ինչպես հայտնել է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:

«Հունիսի 20-ին Պետերբուրգում պլանավորվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ բանակցություններ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ: Ենթադրվում է, որ նախ՝ Պուտինն առանձին հանդիպումներ կունենա Սարգսյանի և Ալիևի հետ, ապա երեք նախագահները միասին կբանակցեն»,- ասել է Ուշակովը:

«Բնականաբար, մեր կողմից ձեռնարկվելու է ակտիվ փորձ՝ օժանդակել կողմերին հակամարտության կարգավորման հարցում: Մենք արդեն խաղացել ենք, կասեի անգամ, որ վճռորոշ դեր ենք ունեցել ռազմական գործողությունների դադարեցման հարցում, որոնք ընթանում էին»,- հավելել է Ուշակովը:

«Ներկայում մենք պատրաստ ենք շարունակել մեր միջնորդական առաքելությունը, բնականաբար, լիարժեք կերպով համագործակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ և այն սկզբունքների հիման վրա, որոնք շարադրված են եղել ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների 2009-2013թթ. համատեղ հայտարարություններում: Մեր կողմը կանցկացնի ամենաշահագրգիռ և ակտիվ բանակցությունները»,- ասել է նա:

Կարդացեք նաև

Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է շարունակել իր միջնորդական առաքելությունը ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների համատեղ հայտարարությունների հունով, որտեղ ասվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային լուծման անընդունելիության մասին, կոչ է պարունակվում՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ վիճելի հարցերը լուծել ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի անընդունելիության, պետությունների տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա:

Տեսանյութեր

Լրահոս