«Մտածեցի՝ կինո են նկարում, ինչ են անում. դիմակներով մարդիկ ինչո՞ւ պիտի օրը ցերեկով շենքի բակով գնան». «Երրորդմասցի Լյովիկի» սպանության գործով վկա
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Երրորդմասցի Լյովիկի» և մյուսների սպանության գործով դատական նիստի ընթացքում այսօր հարցաքննվում էին գործով վկաները:
Վկա Ալբերտ Չիլինգարյանը դատարանում պնդեց իր նախաքննական ցուցմունքը, խնդրեց հիմք ընդունել այն՝ նշելով, որ երկար ժամանակ է անցել, արդեն բավական բաներ չի հիշում: Վկան դժվարացավ հիշել, թե որ օրը, բայց նշեց, որ շենքերից մեկի բակում խողովակ են փոխել, որոշ ժամանակ անց նկատել է, որ երկու թե երեք դիմակավոր տղաներ արագ քայլելով, գրեթե վազելով՝ անցել են: «Մտածեցի՝ կինո են նկարում, ինչ են անում. դիմակներով մարդիկ ինչո՞ւ պիտի օրը ցերեկով շենքի բակով գնան»,- ասաց վկան՝ նշելով, որ դեմք չի տեսել, հետևաբար՝ չի կարող ճանաչել:
Գործով մեղադրողի միջնորդությամբ հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը: Ըստ դրա՝ վկան նշել էր, որ դեպքի օրը «Սովետաշենի բերդի» կողմից կրակոցներ է լսել, բայց քանի որ իրարանցում չի նկատել, մտածել է, որ այնտեղ վարժանքներ են: 5-10 րոպե անց նկատել է երեք տղամարդու, ովքեր արագ քայլերով եկել են քրեակատարողական հիմնարկի կողմից, գնացել են դեպի Նուբարաշենի խճուղի: Քայլում էին իրար ետևից, առջևից գնացողը դիմակով էր, իսկ ետևից քայլողները՝ առանց դիմակի: Առջևից գնացողն ավելի բարձրահասակ էր, նրանց ձեռքին որևէ բան չի նկատել, քայլել են՝ առանց խոսելու: Ըստ արձանագրության՝ վկան նշել էր, որ դիմակ չկրող տղաների հստակ չի տեսել, այդ պատճառով չի կարող նկարագրել նրանց: Լսելով իր նախաքննական ցուցմունքը՝ վկան ասաց, որ «100 տոկոսով ճիշտ է»:
Դատարանում մյուս վկան, ով տաքսի մեքենա է վարում, ևս դժվարանում էր մանրամասներ հիշել: Նա նշեց, որ դեպքի օրը Մասիվից Ավան ուղևոր է փոխադրել: Մեղադրողի միջնորդությամբ հրապարակվեց վկայի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքը: Ըստ դրա՝ նա Մասիվում կանգնած է եղել, երբ իրեն են մոտեցել երեք երիտասարդներ, որոնց չի ճանաչում, նրանիցից մեկը մոտեցել է իրեն ու հարցրել՝ արդյոք կարո՞ղ է իրենց Ավան տանել: Ըստ վկայի ցուցմունքի՝ ճանապարհին տղաները խոսել են միմյանց հետ՝ ասելով, որ իրենց «մեքենայի անիվը թողել է՝ նստել է»: ճանապարհածախսի համար իրեն 2000 դրամ են փոխանցել, ինքը վերցրել է դրանից 1000-ը, ասել, որ դա բավարար է, սակայն ասել են, որ դա էլ վերցնի՝ «շատ լինի, քիչ չլինի»: Առջևի նստած տղան ետևի նստատեղին նստածներից ծխախոտ է ուզել, սակայն նրանք չեն ունեցել, ինքը նրան հյուրասիրել է:
Վկաներից մյուսն էլ դատարանում հայտնեց, որ դեպքի ժամանակ աշխատել է վերնորոգման կետում, եթե չի սխալվում՝ մոտեցել են մարդիկ, ասել, որ հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն կա: Իր հետ աշխատող տղան նրանց տարել է, որոշ ժամանակ անց եկել են ոստիկաններ: Հրապարակվեց այս վկայի նախաքննական ցուցմունքը ևս: 2015թ. մարտի 4-ին մուտքին են մոտեցել երեք երիտասարդներ, նրանցից մեկը սկսել է խոսել իր հետ աշխատողի հետ. երիտասարդն անհանգիստ, փոքր-ինչ շփոթված է եղել, խնդրել է իրեն հիվանդանոց տեղափոխել:
«Ախպեր, լավ չեմ, ի՞նչ կլինի՝ տար հիվանդանոց, խնդրում եմ, Աստված ձեզ կօգնի»,- ըստ վկայի նախաքննական ցուցմունքի՝ ասել էր տղաներից մեկը: