Ադրբեջանում 144 ընկերությունների ղեկավարներին արգելում են երկրից դուրս գալ
Ադրբեջանի հարկերի նախարարությունը հրապարակել է հարկերից խուսափելու եւ հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով երկրից ելքը ժամանակավորապես արգելված ընկերությունների ղեկավարների ցուցակը, որում նշվում են 144 ընկերությունների ղեկավարների անուններ: Ադրբեջանի հարկերի նախարարությունից faktxeber.com կայքին պարզաբանել են, որ դա արվել է ադրբեջանական օրենսդրության համաձայն, եւ նշանակում է, որ մինչեւ ցուցակում նշված անձինք չվճարեն պետական հարկը, նրանց չի թույլատրվելու դուրս գալ երկրից:
Նախարարությունից հայտնել են, որ ցուցակում ընդգրկված անձանցից 248 հոգին ֆիզիկական, 90-ը` իրավաբանական անձինք են:
Azadliq.info-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի կենտրոնական բանկի պաշտոնական արտարժույթի պահուստները 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 4,2 մլրդ դոլարով կամ 50 տոկոսով պակասել են: Ադրբեջանում բանկերին պարտք 2,6 մլն քաղաքացիների մեկ հինգերորդից ավելին ի վիճակի չեն վերադարձնել վերցրած մոտ 1,5 մլրդ մանաթ ծավալի հասնող վարկերը:
Դա նշանակում է, որ Ադրբեջանի բնակչության յուրաքանչյուր երեքից մեկը պարտք է բանկերին, եւ խորը տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանում չի բացառվում, որ շուտով բնակչության մեկ երրորդին կարգելվի դուրս գալ երկրից:
Ադրբեջանի Ռիսկային փորձագետների խմբի ղեկավար Էլման Սադըգովը report.az-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Ադրբեջանի տնտեսության նորմալ զարգացման համար վարկային ռեսուրսների պահանջը կազմում է 15-20 մլրդ մանաթ` նշելով, որ Ադրբեջանի ռեալ հատվածը վարկավորման խիստ կարիք ունի:
Անցյալ տարվանից նավթի համաշխարհային գների անկում սկսվելուց հետո հիմնականում էներգառեսուրսների արտահանումից կախված Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ: