«ԵԱՏՀ-ն պատրաստ է երկխոսության». Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանում Ամերիկյան առեւտրական պալատի (ԱԱՊ) նախագահ Ալեքսիս Ռոձյանկոյի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ամերիկյան բիզնես-հանրակցության հետ ԵԱՏՀ-ի համագործակցության հեռանկարները: Այս մասին տեղեկացնում են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից:

Ըստ հաղորդագրության՝ Տ. Սարգսյանն ընդգծել է ինչպես ԱՄՆ-ի բիզնես-հանրակցության, այնպես էլ պետական իշխանության՝ առեւտրատնտեսական փոխգործակցության համար պատասխանատու մարմինների հետ ինստիտուցիոնալ համագործակցություն հաստատելու ԵԱՏՀ-ի պատրաստակամությունը:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը հավաստել է, որ հանձնաժողովը պատրաստ է օտարերկրյա գործընկերների եւ ձեռնարկատիրական միավորումների հետ գործակցել ամենատարբեր ձեւաչափերի օգտագործմամբ եւ հարցերի առավելագույն լայն սպեկտրի շուրջ:

«ԵԱՏՀ-ի հետ երկխոսությունն անհրաժեշտ է: Մենք տնտեսական տարածք ենք ստեղծում միջազգային լավագույն պրակտիկաներին համապատասխան: Մեր համագործակցությունը, պատրաստակամությունը օգտակար են բնականոն երկխոսություն հաստատելու համար: Որովհետեւ եթե չկա երկխոսություն, բնականբար, կլինի առճակատում: Եվրոպայում եւ ԱՄՆ-ում շատերն են ասում, որ կցանկանային ԵԱՏՄ-ն տեսնել որպես կանխատեսելի գործակից: Բայց խնդիրն այն Է, որ եթե մեր միջեւ չլինի համագործակցություն ու երկխոսություն, ապա մեր գործընկերների համար մենք միշտ կլինենք անկանխատեսելի: Իսկ երկխոսությունը քայլ է շուկայական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ, որոնք էլ համաշխարհային տնտեսությունը դարձնում են կայուն ու անկանխատեսելի: ԵԱՏՀ-ն պատրաստ է երկխոսության»,- հայտարարել է Տիգրան Սարգսյանը:

Նա առաջարկել է ամերիկյան կառավարական եւ բիզնես-կառույցների հետ համագործակցություն սկսել տեխնիկական ասպեկտների շուրջ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է տեխնիկական կարգավորման բնագավառում երկխոսություն սկսելուն: «Այն բանից, թե ինչ ստանդարտներ մենք կընդունենք այսօր, կախված է՝ ինչ իրավիճակում կհայտնվի կոնկրետ բիզնես-ոլորտը վաղը: Չհամագործակցել այսօր, նշանակում է կորցնել ապագան»,- նշել է Սարգսյանը:

«Այժմ բացառիկ հնարավորություն կա ուժեղ շուկայական ինստիտուտներ ստեղծելու, եվրասիական տարածքը բիզնեսի, այդ թվում՝ ամերիկյան բիզնեսի համար կանխատեսելի դարձնելու համար: Երկխոսություն չվարել՝ նշանակում է հաշվի չառնել ամերիկյան բիզնեսի շահերն այս տարածքում: Վաղն արդեն ուշ կլինի»,- հավելել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը: ԵԱՏՀ-ի մամուլի ծառայության հաղրդագրության մեջ նշվում է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել գործարար շփումները:

Տեսանյութեր

Լրահոս