«Հայաստանի 2015թ. պետական բյուջեի դեֆիցիտը աննախադեպ է Հայաստանի ողջ պատմության համար»
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի 2015թ. պետական բյուջեի դեֆիցիտը աննախադեպ է Հայաստանի ողջ պատմության համար: 241 մլրդ դրամ դեֆիցիտը կազմում է ՀՆԱ-ի 4,8 տոկոսը, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում 2,7 անգամ: Ընդ որում, 2016թ. բյուջեով կանխատեսվում է 3,5 տոկոս դեֆիցիտ, այն էլ ՀՆԱ նախատեսված աճի պարագայում:
Խնդիրը ոչ միայն բյուջետային ճգնաժամի մասին է, որը տարեցտարի ավելի մեծ տեմպերով է ահագնանելու, այլ այն, որ Հայաստանը խախտում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 63-րդ հոդվածը, համաձայն որի, բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 3 տոկոսը:
Հասկանում եմ, Կառավարության և Ազգային ժողովի համար բավական բարդ է 400 էջանոց պայմանագիր կարդալ-հասկանալը, բայց փաստորեն մի 100 հոգի գրում, մի 100 հոգի էլ հաստատում են երկրի գլխավոր միջազգային պայմանագրին հակասող բյուջե և այդ բյուջեից ստանում են բյուջեի դեֆիցիտի 1 տոկոսը կազմող մի 2 մլրդ աշխատավարձ»: