Բաժիններ՝

«Կառավարության ներկայացուցիչների ելույթներում մի միտում եմ նկատում՝ ֆռցնոցի». Հրանտ Բագրատյան

«Ակնկալում եմ՝ Դուք անկեղծ կպատասխանեք իմ հարցերին, քանի որ վերջերս կառավարության ներկայացուցիչների ելույթներում մի միտում եմ նկատում՝ ֆռցնոցի»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ընթացքում այս մասին ասաց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ դիմելով ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին:

Հ. Բագրատյանը նշեց, որ ինքը նկատել է վեց ուղղությամբ հարկերի բարձրացում, ընդհանուր առմամբ՝ այդ բարձրացումները կազմում են մոտ 40 միլիարդ դրամ: Նա թվարկեց՝ մտցված է բաժնետոմսերի և դիվիդենտների հարկում, ավելացված է բենզինի և ծխախոտի ակցիզը, անհատ ձեռներեցների և նոտարների համար մտցված է ամսական շահութահարկ՝ 5 հազար դրամ, և այլն. «Կուզենայի՝ Դուք ցույց տայիք թեկուզ մեկ ուղղությամբ ցածրացում: Դուք հաշվե՞լ եք՝ 2015 թվականի փաստացի կատարած բյուջեն ինչքա՞ն կլիներ, եթե այս հարկման մեխանիզմն անցյալ տարվանից կիրառվեր: Ես չեմ կարողանում հասկանալ՝ դուք ի՞նչ է, արդեն օրենսգրքով փորձում եք ամրագրել, որ ավելացված արժեքի հարկն այլևս գանձվելու է սահմանի՞ն, դա պարզապես դառնում է մաքսատուրք»:

Վ. Միրումյանն ասաց, որ 5 հազար դրամի մասով որևէ բան չի փոխվել. «5 հազար դրամը վերաբերում է այն անհատ ձեռներցներին, որոնք գործում են հարկման այլընտրանքային համակարգերում: Այս ուղղությամբ որևէ բարձրացում չի եղել»:

Նա նաև ներկայացրեց՝ եթե այս հարկման մեխանիզմները գործեին 2015-ին, ի՞նչ ազդեցություն կունենային եկամուտների վրա. «Եթե այս ամբողջն իրականացվեր 2015-ին, դրական ազդեցությունը եկամուտների վրա կլիներ 2015 թվականի ՀՆԱ-ի 1.8 տոկոսային կետի չափով»:

Անդրադառնալով հարկումը սահմանին ամրագրելուն՝ Վ. Միրումյանը նշեց, որ, իհարկե, լավ կլիներ, եթե մենք ունենայինք այդ հնարավորությունը, որ հարկումը սահմանից տեղափոխեինք. «Բայց պետք է նկատի ունենանք, որ մաքսային մարմինների կողմից գանձվում է մեր հարկային եկամուտների շուրջ 20 տոկոսը, որը վերաբերում է ավելացված արժեքի հարկին, ու դրա ազդեցությունն էական է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս