Բաժիններ՝

Ի՞նչ են խոստացել միջազգային կառույցները

Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ քննակումներն Ազգային ժողովը կշարունակի հաջորդ շաբաթ մեկնարկելիք արտահերթ նիստում: Մինչ այս օրենսգրքի շուրջ ծավալված թեժ քննարկումներից մասնավոր հատվածն այնքան դժգոհ է, որ նույնիսկ պահանջում է հետ կանչել օրենսգիրքը: Սակայն ՀՀ կառավարությունը շտապում է ընդունել այդ փաստաթուղթը, որը, ինչպես պնդում են բիզնեսի ներկայացուցիչները, միտված է պետական բյուջեն լցնելուն և խոչընդոտելու է տնտեսության զարգացմանը: ՀՀ կառավարությունն օրենսգիրքը խորհրդարանից ետ կանչելու մասին չի էլ մտածում անգամ: Կիրառվում է փորձված մեթոդը` առաջին ընթերցմամբ ընդունել, հետո՝ մինչև երկրորդ ընթերցում, քննարկել ու փոփոխել:

Օրենսգրքի արագ ընդունման պահանջ, ըստ շրջանառվող լուրերի, դրել են միջազգային կազմակերպությունները` Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային կազմակերպությունը: 168.am-ի տեղեկություններով` այս կառույցները մեր կառավարությանը խոստացել են իրենց պահանջը կատարելու դեպքում հատկացնել 60 մլն դոլար բյուջետային վարկ:

ՀՀ ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց, որ նման պահանջ ու խոստում է եղել. «Ընդհանրապես, բյուջետային վարկավորման տեսանկյունից՝ կարևոր է հարկաբյուջետային կայունությունը, թե դու ինչ եղանակով ես էդ կայունությունն ապահովում: Կարևոր է, որ ռեֆորմներ իրականացվեն, մասնավորապես, և, եթե կան այլ ներքին ռեսուրսներ, որոնց շրջանակներում կարելի է հարկաբյուջետային կայունություն ապահովել, որևէ միջազգային կազմակերպություն քեզ չի ստիպում, ասում` գնա հենց այս ուղղությամբ իրականացրու: Կարող է խորհուրդ տալ, առաջարկել, որ այստեղ տեսնում ենք ռեսուրս, իսկ թե մենք կընդունե՞նք այդ ռեսուրսը, թե՞ ոչ, դա արդեն մեր որոշելու խնդիրն է»:

ՊԵԿ փոխնախագահը վստահեցրեց, որ հանրային սեկտորի առաջարկների գերակշիռ մասն ընդունվել է: Ի պատասխան դժգոհություններին, որ առաջարկները սկզբում ընդունվել են, բայց վերջում նախագիծն ԱԺ է ուղարկվել նախնական տարբերակով, Միրումյանը հերքեց` ասելով, թե նման բան չկա: Նրա խոսքով` 4 հարցերի շուրջ է, որ համաձայնություն ձեռք չի բերվել:

Մեր հարցին` հաշվի առնելով, որ հանրապետականների շրջանում էլ մեծ է դժգոհությունը, և հնարավո՞ր է` Հարկային օրենսգիրքը չընդունվի ԱԺ-ում, և այդ դեպքում ի՞նչ է անելու կառավարությունը, Վ.Միրումյանը պատասխանեց. «Մենք քննարկելու ենք, գիշեր-ցերեկ աշխատելու ենք հանրապետականների հետ, բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի փարատենք, կամ փորձենք հասկանալ` կարող է մե՞նք ենք սխալ, չենք պատկերացնում, թե ինչ ենք արել: Համենայն դեպս, մենք կարծում ենք, որ շատ մտավախություններ, որոնք այսօր կան մեր գործընկերների մոտ, կամ կարծիք է հնչել կողքից, ու դա կողքից հնչած կարծիքի արդյունք է, կամ միգուցե կողքից հնչած կարծիքի արդյունք չի, բայց տեսակետ է, հայտնում են: Համենայն դեպս, քննարկումներն են ցույց տալու, թե ինչ կարող է լինել: Քննարկումների ընթացքում, երբ հատիկ առ հատիկ հարցերը կբարձրացնեն, դուք էլ կհամոզվեք՝ վա՞տն է, լա՞վն է, թե՞ ոչ վատն է, ոչ էլ լավն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս