Վաղ թե ուշ շուկան վերելք կունենա. ՀԲ-ն՝ հանքարդյունաբերության մասին
Հանքարդյունաբերությունը կարևոր ոլորտ է Հայաստանի տնտեսության համար, սակայն առանձին ընկերությունների գործունեությունը, ընդհանուր առմամբ, բավարար չափով չի նպաստում երկրի երկարաժամկետ կայուն զարգացմանը: Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի՝ «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում. Հայաստան» զեկույցում
Համաշխարհային բանկը դա իրողություն է համարում՝ չնայած մի շարք նախկին և ընթացիկ նախաձեռնություններին, որոնք ոլորտի բարեփոխման նպատակով իրականացվել և իրականացվում են կարգավորող մարմինների կողմից:
«Այդ նախաձեռնությունները, սակայն, չեն հիմնվում քաղաքականության կամ երկարաժամկետ ռազմավարության վրա: Ներկայումս համաշխարհային ապրանքային շուկաներն անկում են ապրում. ընդհանուր առմամբ, գներն ընկել են, իսկ պահանջարկի մակարդակը ցածր է: Բայց և այնպես հանքարդյունաբերության ոլորտը ցիկլային է, և վաղ թե ուշ շուկան վերելք կունենա, ի հայտ կգան նոր ներդրումներ: Այժմ բարենպաստ պահ է հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության մշակման համար: Սա նախադրյալ կլինի, որ զարգացման և ներդրումների հաջորդ ալիքի ժամանակ Հայաստանը լավ պատրաստ լինի կառավարելու այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ի հայտ կգան այդ ընթացքում»,- նշվում է փաստաթղթում:
Այսպիսով, Համաշխարհային բանկի զեկույցի գլխավոր խորհուրդն է՝ անհապաղ նախաձեռնել հանքարդյունաբերության ազգային քաղաքականության մշակման գործընթացը, որն ավարտելու համար կպահանջվի առնվազն մեկ տարի: