«Ի՞նչ գիտենք, որ այդ ստվերային գումարները չեն գնացել բանակի ֆինանսավորմանը. դրա մասին լռում են, բայց ես չեմ բացառում դա». Միքայել Մելքումյան

«Ես հասկանում եմ, որ վերանայել, նշանակում է` բյուջետային ծախսերի կրճատում, ես միանշանակ դեմ եմ»,- այսօր Ազգային ժողովում բրիֆինգների ժամանակ անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առաջարկին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Հիշեցնենք, որ այսօր Լևոն Զուրաբյանն առաջարկեց կառավարությանը 2016 թվականի բյուջեն արտահերթ նստաշրջանով վերանայել:

«Եթե նա նկատի ունի՝ կրճատենք, ես դեմ եմ: Եթե կրճատման մասին չէ խոսքը, քննարկման ենթակա է: Մենաշնորհների հետ կապված՝ մի բան եմ ուզում ասել: Եթե եղել են մենաշնորհներ, ի՞նչ գիտենք, որ այդ ստվերային գումարները չեն գնացել բանակի ֆինանսավորմանը, դրա մասին լռում են, միգուցե իրավասու մարմիններն իրավասու չեն ասելու այդ մասին: Բայց ես չեմ բացառում դա: Ես դա չեմ արդարացնում, բայց միգուցե եղել է»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով Լ. Զուրաբյանի առաջարկին՝ ասաց, որ, եթե դրա անհրաժեշտությունը լինի, կառավարությունը հանդես կգա առաջարկությամբ, իսկ անձամբ ինքը չի կարծում, թե հիմա նման անհրաժեշտություն կա:

Իսկ Մ. Մելքումյանի այն հայտարարության վերաբերյալ, թե գուցե ստվերային գումարները գնացել են բանակին՝ Վ. Բաղդասարյանն ասաց. «Չէի ցանկանա, որ որևէ քաղաքական գործիչ նման հայտարարություն անի, որովհետև նման հայտարարություն անողը պետք է տա դրա հիմնավորումները. նման տեղեկություն չկա, կարծում եմ՝ մեր ռազմական բյուջեն մենք օրինական ճանապարհով ենք ապահովում»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս