Լևոն Զուրաբյանն առաջարկում է արտահերթ նստաշրջանի ընթացքում վերանայել 2016 թվականի բյուջեն

«Երեկ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ մենք բացահայտեցինք, թե ինչքան անարդյունավետ ծախսեր են կատարվել բյուջեից»,- այսօր Ազգային ժողովում բրիֆինգների ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ իրենք դեմ չեն, որ բյուջեի ծախսերն ավելացել են նախատեսվածից, բայց իրենց դա հասկանալի կլիներ, եթե այդ ավելացումները կատարվեին տնտեսության աշխուժացման նպատակով: Լ. Զուրաբյանի խոսքով՝ դրանք կառավարական ծախսեր են, որոնցից ոչ մի օգուտ տնտեսությանը չի լինում. «Դրանք այն ծախսերն են, որոնք ես կոչեցի բազեաբուծական, ու ոչ ոք չհարցրեց՝ ինչո՞ւ այդպես կոչեցի, որովհետև բոլորը հասկացան, որ դրանով «բազեներին» են կերակրում»:

Լ. Զուրաբյանը հիշեցրեց վարչապետի դիտարկումը, թե իրենք քննադատությունն ընդունում են, բայց այդ ծախսերն ընդունել է ԱԺ-ն, այսինքն՝ դրանք ոչ թե կառավարության որոշումով են արել, այլ կատարվել են՝ համաձայն ԱԺ-ի հաստատված հոդվածների:

«Հիմա կառավարությունն աշխատում է 2016 թվականի հաստատված բյուջեի կանոններով, այսինքն՝ մյուս կատարողականի ժամանակ կարող են գալ, ասել՝ դա ԱԺ-ի հաստատածն էր, դրա համար մենք այդ սխալները գործեցինք: Դրա համար ես ուզում էի առաջարկել, բայց չհասցրեցի, ժամանակը չհերիքեց: Ես հիմա ձեր միջոցով կառավարությանն առաջարկում եմ՝ եթե դուք համարում եք, որ շտկելու տեղ կա, որ ԱԺ-ն ինչ-որ բան հաստատել է, և դուք փոփոխություն չեք կարող անել, առաջարկում եմ 2016 թվականի բյուջեն արտահերթ նստաշրջանով վերանայել՝ հաշվի առնելով նոր իրողությունները, նոր մարտահրավերները, որոնցում հայտնվել է Հայաստանը: Բերեք՝ նոր նստաշրջան անցկացնենք և վերանայենք առաջնայնությունները, եթե դա չեն անում, ստացվում է՝ չեն ընդունում, որ Հայաստանը հայտնվել է նոր մարտահրավերների մեջ, ստացվում է՝ ոչ մի բան չեն ուզում շտկել»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս