
«Հարկային օրենսգիրքը, մեղմ ասած, չհաջողված փաստաթուղթ է, այս փուլում այն պետք է հետ կանչվի». Միքայել Մելքումյան

ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկելու 2015 թվականի բյուջեի կատարողականին, քանի որ կարծում է՝ «անընկալելի» էր ներկայացված: Այս մասին այսօր Ազգային ժողովում բրիֆինգների ժամանակ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա կարծիքով՝ բյուջեի կատարողականը պետք է ներկայացներ ոչ թե Ֆինանսների նախարարի տեղակալը, այլ՝ նախարարը, քանի որ նաև քաղաքական գնահատականներ պետք է տրվեին:
Անդրադառնալով Ընտրական նոր օրենսգրքին՝ Մ. Մելքումյանը հույս հայտնեց, որ հնարավորություն կունենան հոկտեմբերին լրացումներ անել Օրենսգրքում և ավելացնել ID քարտերի և մատնահետքով քվեարկությունների դրույթները:
«Հարկային օրենսգրքի քննարկումը նոր է սկսվել, բայց սա, մեղմ ասած, չհաջողված փաստաթուղթ է, այս փուլում այն պետք է հետ կանչվի, որովհետև այն չի կարողանում արտահայտել տնտեսության զարգացման ապագայի միտումները»,- նշեց Մ. Մելքումյանը: