
Բիլ Գեյթսը Աֆրիկայում հավերի բուծման ծրագիր է գործարկել

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է արեւադարձային Աֆրիկայի ամենաաղքատ երկրներին օգնելու նպատակով հավերի բուծման ընդգրկուն արշավ գործարկելու մասին, տեղեկացնում է BBC-ն:
Գեյթսը խոստացել է տարածաշրջանին տրամադրել 100 հազար հավ: Նրա խոսքով՝ թռչունների բուծումը եւ վաճառքը կարող է լինել աղքատության դեմ պայքարի արդյունավետ եւ արագ միջոց:
Նախագծի էջում նշվում է, որ հավերի բուծումը ծախսատար չէ եւ շահավետ բիզնես է աղքատ ընտանիքների համար, իսկ հավի ձվերը հատկապես օգտակար են երեխաների համար:
«Կարող է զվարճալի թվալ, բայց ինձ իսկապես դուր է գալիս հավերի բուծման այդ գաղափարը»,- ասել է Գեյթսը:
Միլիարդատիրոջ հաշվարկներով՝ ընդամենը հինգ հավ ունեցող ֆերմերն արդեն երեք ամիս հետո կարող է դրանց թիվն ավելացնել մինչեւ 40, իսկ նրա տարեկան եկամուտը կարող է գերազանցել 1000 դոլարը (տարեկան 700 դոլար աղքատության շեմի դեպքում):
Նախագիծը նպատակ ունի արեւադարձային Աֆրիկայի գյուղական բնակչության 30 տոկոսին օգնել բուծելու առողջ, պատվաստումներ անցած հավեր: Այժմ դրանով զբաղվում է ընտանիքների միայն մոտավորապես 5 տոկոսը:
Մեկ տարի առաջ Գեյթսը հայտնել էր Ասիայի եւ Աֆրիկայի երկրներում բժշկական հաստատությունների ցանց կառուցելու պլանների մասին՝ նպատակ ունենալով մանկական մահացության նվազեցումը եւ այնպիսի համաճարակների կանխումը, ինչպիսին էբոլա վիրուսն է: