«Կարող են խորհուրդ տալ, բայց ոչ պարտադրել». Վախթանգ Միրումյան
Հարկային օրենսգրքի նախագիծը լրջորեն քննադատել և դրանում լրջագույն կոռուպցիոն ռիսկեր է տեսել նաև Հանրապետականի ղեկավարած հանձնաժողովը: Այս մասին այսօր ԱԺ նիստում Հարկային օրենսգրքի վերաբերյալ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նա հարցադրում արեց, թե արդյոք սա պարտադրա՞նք է միջազգային կառույցների կողմից, մասնավորապես` Համաշխարհային բանկի, որպեսզի շարունակենք վարկունակ ճանաչվել:
ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը հայտարարեց, թե հակառակը, օրենսգիրքը նպատակաուղղված է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և, եթե առաջարկում են բոլոր երկիմաստությունները, տարընթերցումները էականորեն նվազեցնել, ապա դա ոչ այլ ինչ է, քան կոռուպցիոն ռիսկերի նվազեցում: Նա նշեց, որ նպատակ ունեն ունենալ մեկ գանձապետական համակարգ, հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ, նվազեցվում են շփումները հարկային մարմինների հետ, և դա կոռուպցիոն ռիսկերի նվազեցում է:
«Մինչև աշուն տևական ժամանակ է հատկացված այդ ռիսկերը քննարկելու և լուծումներ գտնելու համար»,- ասաց Վ.Միրումյանը:
ՊԵԿ փոխնախագահը հայտարարեց, թե ՀՕ-ն ի սկզբանե կոչված չէ սպասարկելու պետական պարտքը, պարզապես ցանկացած պարագայում ՀՕ պետք է հանդիսանա հարկաբյուջետային կայունությունն ապահովող և ամրապնդող փաստաթուղթ: Ըստ նրա` անկախ այս փաստաթղթի ընդունումից, արտաքին պարտքը սպասարկվում է և հակառակ մտավախություն չկա:
Ն.Զոհրաբյանը կրկնեց իր հարցը` ՀԲ կողմից եղե՞լ է պոզիտիվ ճնշում` հարկային մուտքերն ավելացնելու համար: Նա նաև տարակուսեց, թե ինչո՞ւ են անհանգստացած տնտեսվարողները, եթե նախագիծը բերում է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը. «Տնտեսվարողների շրջանում լուրջ մտահոգություն կա, ի՞նչ է, մեր ձեռնարկատերերը մազոխի՞ստ են, որ այստեղ լուրջ մտահագություն ունեն»:
«Ավելի հարկեր հավաքագրելու ճնշումներ չկան, նրանք կարող են խորհուրդ տալ, բայց ոչ պարտադրել»,- հակադարձեց Վ.Միրումյանը` պատրաստակամություն հայտնելով կոռուպցիոն ռիսկերը քննարկել: