ՀՀ ԿԲ ներկայացուցիչը դասախոսություն է կարդացել Վիեննայում

Վիեննայում Համաշխարհային բանկի ֆինանսական հատվածի խորհրդատվական կենտրոնը հունիսի 2-ին անցկացրել է սեմինար-քննարկում «Մակրոպրուդենցիալ քաղաքականության իրագործումը Եվրոպայի զարգացող երկրներում» թեմայով: Ինչպես տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, մասնակիցները և բանախոսները ֆինանսական կայունության ոլորտի մասնագետներ էին եվրոպական 17 երկրների կենտրոնական բանկերից, Վիեննայի միացյալ ինստիտուտից, Եվրոպայի կենտրոնական բանկից և Միջազգային հաշվարկների բանկից:

Սեմինար-քննարկման նպատակը ֆինանսական կայունության գործնական մարտահրավերների պարագայում դրանց հաղթահարման գործիքների ու միջոցառումների շուրջ քննարկումների կազմակերպումն էր և տարբեր երկրների փորձի փոխանակումը մակրոպրուդենցիալ քաղաքականության երեք հիմնական բնագավառներում՝ ինստիտու­ցիոնալ կառուցվածք, քաղաքականության գործիքներ, վերլուծական կարողություններ:

Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով «Ֆինանսական կայունության նոր հայեցակարգի ներդրումը Հայաստանում. ներքին հակադրություններ և համագործակցություն» թեմայով դասախոսությունը:

Դասախոսությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնակիցների շրջանում, մասնավորապես՝ Հայաստանում ֆինանսական համակարգի կառուցվածքի, կայունության ապահովման մոտեցումների և կիրառվող գործիքների, առկա մարտահրավերների ու հնարավորությունների վերաբերյալ փորձի առումով: Բանախոսության շուրջ ծավալվել են շահագրգիռ քննարկումներ:

Տեսանյութեր

Լրահոս