Բաժիններ՝

51 մլն դրամ՝ կարկուտից տուժած Արմավիրին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Արմավիրի մարզում մայիսի 23-ին տեղի ունեցած ուժեղ քամու և կարկուտի պատճառած վնասի հետևանքի վերացման և մարզում մի շարք հիմնախնդիրների լուծման համար գործադիրն ընդունել է համապատասխան որոշում. ընդհանուր առմամբ 51մլն դրամ կհատկացվի Արմավիրի մարզպետարանին:

Հովիկ Աբրահամյանի` Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետին են ներկայացվել մայիսի 23-ին մարզում տեղի ունեցած կարկտահարության և ուժեղ քամու հետևանքով մարզի Արգինա, Տանձուտ, Արևիկ, Եղեգնուտ և Արտաշար համայնքներին պատճառված վնասները: Հետագայում կարկուտի հասցրած վնասներից խուսափելու համար անհրաժեշտ է վերոնշյալ համայնքների համար ձեռք բերել և տեղադրել թվով 12 հակակարկտային կայաններ:

Գումար կհատկացվի մարզի Փարաքար և Դողս համայնքների դպրոցների տանիքների վերանորոգման, ինչպես նար մարզի Տանձուտ համայնքի մանկապարտեզի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման համար: Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, մանկապարտեզի վերանորոգումը կիրականացվի հաջորդ տարի, բյուջեի միջոցներով:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ նման ծրագիր, Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով, կիրականացվի նաև հարևան գյուղում: Ըստ նրա՝ այն կապահովի շուրջ 185 երեխայի նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունը:

Գումար կհատկացվի նաև Արտաշար համայնքին МТЗ-82 մակնիշի գյուղատնտեսական տրակտորի ձեռք բերման համար. համայնքը չուներ ժամանակակից գյուղտեխնիկա: Մյուս հիմնախնդիրը վերաբերում է Արմավիր քաղաքի պահածոների գործարանի նախկին վարչական շենքի (վերակառուցվել է բնակելի շենքի) բնակելի տարածքների նվիրատվության աշխատանքներին. առ այսօր թվով 36 ընտանիքներ չեն դիմել իրենց զբաղեցրած բնակարանների համար համապատասխան պայմանագրեր կնքելու և պետական գրանցում իրականացնելու համար, քանի որ գտնվում են սոցիալապես ծանր վիճակում և չունեն համապատասխան ֆինանսական միջոցներ՝ պայմանագրերի նոտարական վավերացման և պետական գրանցման պետական տուրքի վճարումներն իրականացնելու: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզպետարանը ևս չունի համապատասխան ֆինանսական միջոցներ գործընթացն ավարտելու համար՝ գումար կհատկացվի նաև այդ նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս