«Երկակի կարելի է մոտենալ». Շավարշ Քոչարյանը՝ Ռուսաստանի հետ ՀՕՊ համաձայնագրի մասին
«Երկակի կարելի է մոտենալ: Իհարկե, նաև մամուլում էլ կան վերլուծություններ, որտեղ նշում են և թերի, և դրական կողմերը: Այնպես որ, ամեն ինչ կախված է իրականում այդ ամեն ինչի իրագործումից»,- այս մասին այսօր կառավարութան նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ խոսելով ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ՀՕՊ համաձայնագրի մասին:
Դիտարկմանը, որ մտահոգություն կա, որ ՀՕՊ համաձայնագրով ՀՀ օդային համակարգի անկախությունը վերանում է, Շավարշ Քոչարյանն արձագանքեց. «Իրականում դա այդպես չէ: Դրա մասին արդեն հարց հնչեց: Գիտեք՝ կա նաև դրա երկրորդ կողմը: Դա այն հնարավորությունն է, որ հնարավորություն է տալու շատ մանրակրկիտ դիտարկել մեզ ամբողջ շրջապատող տարածքը: Այսինքն՝ այն հնարավորությունը, որ տալիս է Ռուսաստանի տեխնիկան, մենք չունենք, իսկ այդ հնարավորությունը՝ բավականաչափ դետալացված դիտարկել ամբողջ մեր շրջապատող տարածքը, կարծում եմ, կարևոր է»: Նա նաև նշեց, որ նույնանման պայմանագրեր գործում են, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ տարածքում:
«ՀԱՊԿ-ը, ըստ էության, բաժանված է երեք գոտու ռազմական առումով: Մեկն արևմտյան գոտին է, որտեղ, ըստ էության, միավորված գործում են Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերը: Դա վերաբերում է նաև հակաօդային պաշտպանությանը: Երկրորդը Կենտրոնական ասիական ուղղությունն է, որտեղ կրկին Ռուսաստանը և Կենտրոնական Ասիայի ՀԱՊԿ անդամ պետություններն են, և երրորդը մեր՝ Կովկասյան ուղղությունն է՝ Հարավային Կովկասը, որտեղ Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերն են: Այսինքն՝ դա ընդհանուր ծրագիր է ՀԱՊԿ-ի շրջանակներում, որն իրականացվում է»,- ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալը: